Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ ձնաբքի հետևանքով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք - Քարվաճառ և Աշոցք - Տաշիր ավտոճանապարհը, դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները և Գյումրի - Ամասիա, Բերդ - Ճամբարակ ավտոճանապարհները:
Արարատի մարզում տեղում է թույլ ձյուն:
Տիգրանաշենի ոլորաններին և Սարավան գյուղում բուք է:
Հայաստանի բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում, Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ:
Ձյուն է տեղում Սյունիքի մարզում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա - Լարս և Նինոծմինդա - Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: