Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է Հանրապետական կենտրոնական հավաքակայան:
Պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ, նախարարը ասել է, որ զորակոչից զորակոչ իրականացվող աշխատանքները որակապես բարելավվում են բոլոր ուղղություններով և ներդրվում են մի շարք նորամուծություններ:
Հերթական զորակոչի նորամուծություններից մեկն էլ այն է, որ զորակոչիկները զորահավաքակայանում այլևս բժշկական պատվաստումներ չեն անցնում: Դրանք իրականացվում են նախքան զորակոչը՝ քաղաքացիական բուժհիմնարկներում կամ զորակոչի ավարտից հետո՝ արդեն այն զորամասում, որտեղ երիտասարդն անցնում է ծառայության:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է գտնվել վիճակահանության գործընթացին և պատասխանել է զորակոչիկների ծնողների ու հարազատների հարցերին: