Մատչելիության հղումներ

Եղվարդի մանկապարտեզի տնօրենը և բուժքույրը զանգվածային թունավորման գործով ներգրավվել են որպես մեղադրյալ


Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի տնօրենը և բուժքույրը մանկապարտեզի 60-ից ավելի երեխաների թունավորման գործով ներգրավվել են որպես մեղադրյալ:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաև աշխատակիցների և նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման։

Հաղորդագրությունում նաև ասվում է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ` քննիչը որոշում է կայացրել «Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Մ.Մանուկյանին և նույն մանկապարտեզի բուժքույր Ն.Առաքելյանին ՀՀ քրական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասով` Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում, որպես մեղադրյալ ներգրավելու մասին»:

Բուժքույր Առաքելյանը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և դեկտեմբերի 16-ին նրան նշված հոդվածով մեղադրանք է առաջադրվել:

Մանկապարտեզի տնօրենը չի ներկայացել վարույթ իրականացնող մարմնին՝ տրամադրելով ծանր հիվանդ լինելու վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Միաժամանակ հանձնարարվել է պատկան կառույցներին` մանկապարտեզում իրականացնել համապատասխան ստուգումներ և միջոցներ ձեռնարկել՝ հակասանիտարահամաճարակային իրավիճակը վերացնելու ուղղությամբ, որից հետո մանկապարտեզը կվերսկսի իր բնականոն գործունեությունը», - նաև ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG