Մատչելիության հղումներ

Եղվարդի մանկապարտեզում երեխաների թունավորման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել


Եղվարդի մանկապարտեզում երեխաների թունավորման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00

Ավելի քան 50 երեխաներ գիշերը լուսացրել են տարբեր բուժհաստատություններում։

Կերել են, խաղացել, ուրախացել, բայց՝ հայտնվել հիվանդանոցում։ Եղվարդի մանկապարտեզի ավելի քան 50 երեխաներ գիշերը լուսացրել են տարբեր բուժհաստատություններում։ Մանկապարտեզից դեպի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց ճանապարհին 4-ամյա Դավիթը մի բան է լավ հիշում․ - «Շտապ օգնություն էր եկել դրել են մեջը»:

Նրանց առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության։ Հստակ պատճառներն ու դուրս գրման ժամկետները Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն Էդուարդ Զարդարյանի համար առայժմ անհայտ են։ Անալիզներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության, ախտորոշումը հայտնի կդառնա շուտով։ Այս պահին երեխաներից յուրաքանչյուրը գտնվում է բժիշկների անմիջական հսկողության ներքո։

«Վերջին հիվանդը եկել ա լուսադեմին ժամը 3-ին 17 երեխա են, ու քանի որ բոլորը նույն մանկապարտեզից են, շատ հնարավոր է, որ կամ սնունդն է, կամ ջրային խնդիր է: Առնվազն հինգ օր պետք է, որ դուրս գրվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զարդարյանը:

Հոսպիտալացված երեխաներից 30-ից ավելին բուժօգնություն են ստանում Եղվարդի հիվանդանոցում։ Մանկական բաժանմունքն արդեն լիքն է, սակայն կեսօրի դրությամբ նոր հիվանդների հոսքը չէր դադարում։ Ըստ բաժանմունքի օրդինատոր Պետրոս Ստեփանյանի, հոսպիտալացման կարիք ունեցող բոլոր երեխաներին օգնություն կցուցաբերվի։

«Մինչև գիշերը ժամը երկուսը ակտիվ գալիս էին, հետո դադար եղավ, առավոտը 5-ից 7-ը երկու հիվանդ են դիմել, հետո նորից ընդմիջում եղավ, 10-ի կողմերից նորից ակտիվ եկան: Մեր ինֆեկցիոն բաժանմունքին հարակից այլ բաժանմունք ունենք, որտեղ տնօրենի իմացությամբ արդեն հիվանդները հոսպիտալիզացվում են», - փոխանցեց Պետրոս Ստեփանյանը:

Երեխաներից մի մասի մոտ առողջական խնդիրներն ի հայտ են եկել մանկապարտեզում։ Ծնողները միայն հոսպիտալացվելուց հետո են իմացել այդ մասին։

«Մինչև հասել ենք, երեխեն արդեն օգնության սեղանին ա եղել, բժիշկներն ու քույրերն արդեն թափած սիստեմա էին միացնում, հոգնա անում։ Մենք չենք տեսել, իրեն մանկապարտեզից սկոռին է տեղափոխել է հիվանդանոց», - ասաց երեխաներից մեկի տատիկը:

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում «Ազատության» այցի ժամանակ Երևան տեղափոխվեց նաև տիկին Անուշի երկրորդ թոռնիկը՝ նույն ախտանշաններով՝ գիշերվանից չդադարող փորլուծություն, սրտխառնոց, գլխացավ։

«Ջերմությունը բարձրացավ, յոթ ու երեք դարձավ տանը չափեցի, մեկ էլ պիտի գայի երեխուն տեսակցության, միանգամից տեղափոխեցի էստեղ, զանգեցի Եղվարդի բժշկին, ասացի տանում եմ երեխուն միանգամից էնտեղ, ասեց՝ տար: Նույն մանկապարտեզից, հա», - ասաց տիկին Անուշը:

Մանկապարտեզում մատակարարվող սննդից ծնողները բողոքներ չեն ունեցել, բայց բոլորն էլ պնդում են, որ երեխաներին առողջ են մանկապարտեզ ուղարկել:

«Տարբեր սնունդ են կերել, և մսամթերք, և բուսական, և կաթնամթերք, այդ պատճառով կոնկրետ չենք կարող ասել, թե որ սնունդից է դա եղել»։

«Մենք առողջ մեր երեխաներին տարել ենք մանկապարտեզ, կեսօրից հետո զանգել են, նույն սպանդանոցնա», - ասաց տիկին Անուշը։

Եղվարդի մանկապարտեզի փոխտնօրեն Տիրուհի Ավետիսյանը վստահեցնում է, որ երեխաներին վտանգավոր կամ ժամկետանց ուտելիք չեն տվել, սննդացանկում էլ նորություներ չեն եղել։

«Երեկոյան ժամը 7-ին ինձ զանգեցին տուն, որ ձեր երեխաներից հիվանդանոց են բերում ու շատ վատ են», - ասաց Ավետիսյանը:

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ավետիսյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց, որ գլխավոր վարկածը համարում են սնունդը․ - «Երեխաների մոտ արձանագրվել է աղիքային ինֆեքցիա, շիգելոզ, լաբորատոր մեծ հետազոտություն է կազմակերպվել և շրջակա միջավայրի, և սպասարկող անձնակազմի, և սննդամթերքի»։

Երեխաների թունավորման պատճառները պարզելու համար հարուցվել է քրեական գործ։ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր։ Մանկապարտեզում կատարվել է զննություն, փորձանմուշներ են վերցվել պահեստավորված սննդի տեսակներից, օրվա ճաշատեսակից։ Առգրավվել են նաև մանկապարտեզին մատակարարված սննդի փաստաթղթերը։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG