«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողները տեղեկացրել են, որ ոստիկանությունը անհատապես հետապնդում է իրենց, այցելում բնակարաններ և հրավիրում հարցաքննության այն բանից հետո, երբ ուրբաթ օրը վեց ժամ տևած խուզարկությունից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները կապարակնքեցին ռադիոկայանի գրասենյակը:
Դեկտեմբերի 27-ին ուշ երեկոյան ոստիկանները այցելել են ադրբեջանական ծառայության առնվազն չորս լրագրողների և պահանջել են իրենց հետ այցելել դատախազություն` հարցաքննության: Եվս ութ լրագրողի հարցաքննության են կանչել երկուշաբթի օրը:
«Ազատության» Բաքվի գրասենյակի իրավախորհրդատուները տեղի ունեցածը բնութագրում են «աննանախադեպ` անգամ ադրբեջանական չափանիշներով»: