Սահմանամերձ համայնքները գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում, այսօր ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետն ընդգծել է, որ գործադիրը շարունակելու է այդ համայնքների բնակիչներին ուղղված սոցիալական տարբեր ծրագրեր իրականացնել։
Հանրային խորհրդի անդամները վարչապետին են ներկայացրել սահմանամերձ համայնքներ մասնավորապես, Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Կոթի և Բարեկամավան կատարած այցի մանրամասները, արձանագրած խնդիրներն ու տեղի բնակիչներին հուզող հարցերը։
Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին սեղմ ժամկետներում ներկայացնել հնչեցված խնդիրների լուծման առաջարկներ: