Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարն ընդունում է, որ բժիշկների նկատմամբ անվստահություն կա


Արմեն Մուրադյան, արխիվ
Արմեն Մուրադյան, արխիվ

Այս տարի գարնանը Առողջապահության նախարար նշանակված ԱրմենՄուրադյանը այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, թե ինչպես կգնահատի Հայաստանի բնակչության առողջական վիճակը 5 բալանոց սանդղակով, պատասխանեց․- «Ես բացարձակ պատրաստ չեմ գնահատականներ տալու 5 բալանոց սանդղակով: Կարող եմ ասել, որ մեր աշխատանքները միտում ունեն այսօր առողջություն ձևավորելու, առողջությունը պահելու»:

Դեռ անցած տարվա վերջին առողջապահության նախարարությունը 2014 թվականը հռչակեց առողջ ապրելակերպի տարի։ Առաջին անգամ պետական բյուջեից առանձին տողով 10 միլիոն դրամ հատկացվեց այդ նպատակին: Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի խոսքով՝ հատկացված գումարն ուղղվելու էր քարոզչության ու առողջ միջավայր ստեղծելու քաղաքականության մշակմանը:

Սակայն Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներըքաղաքացիների առողջության բարելավման մասին դեռ չեն խոսում: Վերջին տվյալներով, 2014-ի առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 4.5 տոկոսով աճել են մահվան դեպքերը, ինչը պայմանավորված է հիվանդությունների աճով:

ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն ասում է․ - «Մասնավորապես արյան շրջանառության համակարգի հիվանդությունների աճը կազմել է 8.2, որին հաջորդում է նորագոյացություններից մահվան դեպքերը՝ ավելի քան 20 տոկոս, դրանք ամբողջ մահացության կառուցվածքում: Աճը նախորդ տարվա համեմատ՝2.2 պրոմիլ»:

Առողջապահության նախարարին հարց ուղղեցինք, թե ի՞նչ է պատրաստվում անել նախարարությունը այս վիճակը շտկելու համար: Ի պատասխան Արմեն Մուրադյանը հայաստանցիների առողջական վիճակը համեմատեց նախկին Խորհրդային միության այլպետությունների ցուցանիշների հետ՝ պնդելով, որ թե կյանքի տևողության, թե մայրական և մանկական մահացության, թե այլ ցուցանիշներով Հայաստանն ավելի լավ դիրքերում է:

2014 թվականին որակյալ բուժծառայությունները թե գյուղերում, թե փոքր քաղաքներում ու մայրաքաղաքում շատերի համար շարունակել են անհասանելի մնալ:

«Ազատության» հետ զրույցում շատ քաղաքացիներ ասում էին, որ բուժհաստատություններ են դիմում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ոմանք գումար չունեն, ոմանք էլ չեն վստահում բժշկներին:

Նրանք ասում են, որ շատ բժիշկներ այսօր, համագործակցելով դեղատների և տարբեր լաբորատորիաների հետ, հաճախ անտեղի հետազոտություններ են նշանակում կամ ուղղորդում որոշակի դեղատներ:

Օրինակ՝փորձառու վիրաբույժ Սմբատ Ջամալյանի նկատմամբ այսօր հետախուզում է հայտարարված: Նրա հիվանդներից ոմանք պնդում են, որ բժիշկը պատշաճ բուժում չի իրականացրել և խաբեությամբ հիվանդներից գումար է շորթել:

Նաև այս մասին հարց ուղղեցինք նախարարին: Մուրադյանը համաձայնեց, որ իսկապես վստասհության խնդիր գոյություն ունի, ինչը հանգեցրել է նրան, որ հիվանդներն ու նրանց հարազատները երբեմն նույնիսկ ֆիզիկական բռնություն են գործադրում բժիշկների նկատմամբ: Իսկ հարցը, ըստ նախարարի, կլուծվի այն ժամանակ, երբ բոլոր հիվանդությունների բուժման համար հատուկ չափորոշիչներ ներդրվեն: Դրանից հետո միայն բժիշկների աշխատանքը հնարավոր կլինի վերահսկել:

«Եվ մենք փորձում ենք այսօր մեր աշխատանքներում իրականացնել չափագրված մոտեցումներ: Չափագրելուց և չափորոշիչները ներդնելուց հետո այդ գործոնի ուղղակի բարձրացումը ձեզ համար ակնհայտ կլինի», - ասաց նախարարը:

Իսկ հարցին, թե ի վերջո երբ կներդրվեն այդ չափորոշիչները,նախարարը պատասխանեց, որ դա երկարատև աշխատանք է:

Նախարարն, այնուամենայնիվ, մոտ ապագայի համար լավ լուրեր էլ ուներ: Ըստ նրա 2015-ից առաջին անգամ սրտի կաթվածի ծայրահեղ ծանր դեպքերի անհետաձգելի օգնությունը նաև վերարտադրողականության հետ կարված որոշ ծառայություններ անապահով խավի ներկայացուցիչների համար կիրականացվեն պետության հաշվին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG