Ռուսաստանից Հայաստան առաքվող բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի համար ռուսական կողմը ևս առնվազն մեկ տարի մաքսատուրք չի գանձի:
Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ գործադիրն այսօր համաձայնություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրին կից արձանագրության կնքման առաջարկությանը։
Գործադիրը էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել է ստորագրել մաքսատուրք չգանձելու համաձայնագրի ժամկետը մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգելու արձանագրությունը:
Մեկ այլ որոշման ընդունումը հնարավորություն է տալիս հայկական ընկերությունների համար, առանց արտահանման տուրքի, Ռուսաստանից բնական, չմշակված ալմաստ ձեռք բերել և ալմաստի վերաարտահանման նկատմամբ վերահսկողության իրականացնել։ Ըստ Կառավարության, սա կնպաստի հայկական ակնագործության զարգացմանը: