Մատչելիության հղումներ

Գործարարները դժգոհում են ապօրինի ներկրումներից


Թեթև արդյունաբերողները դժգոհում են ապօրինի ներկրողներից
please wait

No media source currently available

0:00 0:05:14 0:00

Թեթև արդյունաբերության ոլորտի հայաստանյան ձեռնարկատերերը պնդում են, որ այս միջոցով մաքսային մարմիններում «փող են աշխատում»:

Թեթև արդյունաբերության ոլորտի հայաստանյան ձեռնարկությունները պնդում են, որ յուրաքանչյուր տարի ապօրինաբար Հայաստան է ներմուծվում է մի քանի հարյուր միլիոն դոլարի հագուստ, տրիկոտաժ, ինչի հետևանքով իրենք վնասներ են կրում, իսկ մաքսային մարմիններում այս միջոցով «փող են աշխատում»:

Այսօր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի մոտ թեթև արդյունաբերության ոլորտի խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ այսպիսի սկանդալային հայտարարություն արեցին Թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը և «Ագնեսսա» ընկերության տնօրեն Աշոտ Աղագուլյանը:

Նրանք տեղեկացրեցին՝ անցած տարի Հայաստանի կառավարության միջնորդությամբ Համաշխարհային բանկը ութ ամիս հետազոտություն է իրականացրել, և պարզվել է, որ միայն 2012թ․ Թուրքիայից ու Չինաստանից Հայաստան է ներմուծվել մոտ 280 միլիոն ԱՄՆ դոլարի տրիկոտաժ և հագուստ, որոնք Հայաստանի մաքսակետում մաքսազերծվել են ցածր գներով:

Աշոտ Աղագուլյանի խոսքով, ամեն ինչ սկսվել է նրանից, որ կոշիկի արտադրությամբ զբաղվող «Լյուքս» ընկերության տնօրեն Գագիկ Բոստանջյանը բողոք է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին այն մասին, որ 2012թ․ 10 միլիոն զույգ կոշիկ է ներմուծվել Հայաստան, ընդ որում՝ զույգը գնաhատվել է ընդամենը մեկ դոլար ու մաքսազերծվել է այդ գնի հիման վրա:

«Դրանից հետո մտանք Արտակ Շաբոյանի մոտ: Նրա զեկուցումով նախկին կառավարության կողմից միջնորդություն ուղղվեց Համաշխարհային բանկ, ութ ամսվա ուսումնասիրությունից հետո, պարզեցին, որ միայն Չինաստանից ու Թուրքիայից ամեն տարի անօրինական Հայաստան է ներկրվում 250-280 միլիոն դոլարի ապրանք, շեշտում եմ՝ Իրանը, Սիրիան և Դուբայը չկան էդ ուսումնասիրության մեջ, որտեղից մեծ հոսքով [ապրանք ] է գալիս Հայաստան»,- պատմեց «Ագնեսսա» ընկերության տնօրենը:

Աղագուլյանը շարունակեց՝ մինչև Համաշխարհային բանկի կողմից ուսումասիրություն իրականացնելը, իրենք էլ նման մի հետազոտություն են կատարել, և նույնպես միլիոնավոր դոլարների հասնող ապօրինի ներկրման փաստեր հայտնաբերել:

Եզրափակելով՝ «Ագնեսսա» ընկերության ղեկավարը ասաց, որ օրինակ 2012թ․ հագուստի և տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող հայաստանյան «Տոսպ» ընկերության իրացումը եղել է մոտ 800 հազար դոլարի չափով և այդ տարի ընկերությունը ունեցել է հարյուր աշխատակից:

Քննարկումից հետո նախարար Ճշմարիտյանը չցանկացավ շփվել լրագրողների հետ: Փոխարենը, ահա թե ինչ ասաց Թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը․ - «Ներմուծողները միշտ Հայաստանում ավելի լավ վիճակի մեջ են, քան արտադրողները: Մաքսային մարմինների շահագրգռվածության հետևանքով է դա»:

Պողոսյանը հավելեց՝ Արտակ Շաբոյանը դեռ մեկ տարի առաջ ուսումնասիրության արդյունքները ներկայացրել էր Հանրապետության նախագահին և վարչապետին, սակայն «փոփոխություն տեղի չունեցավ»:

Դիմեցինք Ֆիանսների նախարարություն, որի կազմի մեջ է Մաքսային ծառայությունը, սակայն արձագանք չստացվեց: Չկարողացանք արձագանք վերցնել նաև ՏՄՊՊՀ-ից: Համաշխարհային բանկից խոստացան արձագանքել ավելի ուշ:

XS
SM
MD
LG