Մատչելիության հղումներ

Երևանյան լցակայաններում շեշտակի աճել է գազի գինը


Երևանյան լցակայաններում շեշտակի աճել է գազի գինը
please wait

No media source currently available

0:00 0:01:52 0:00

Երևանյան գազալցակայաններում այսօր առավոտյան վարորդներին տհաճ անակնկալ էր սպասում՝ 1 խմ գազի գինը ավելի քան 20 տոկոսով բարձրացել է՝ 190-ից հասնելով 230 դրամի։

Թանկացումների շղթան շարունակվեց՝ մի քանի ժամ անց արդեն տաքսու նվազագույն սակագինը «Ռոսիա» կինոթատրոնի հարակից տարածքում 600 դրամից դարձավ 1000։ Վարորդներն ասում են՝ այլընտրանք չունեն։

Գազալցակայաններում հրաժարվում են մեկնաբանել թռիչքային գնաճը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ պնդում է, որ այս հարցն իրենց վերահսկողությունից դուրս է։

«Թանկացումները լինելու են․ դեռ մի ամիս առաջ ասել ենք, որ սպասվում են թանկացումներ, իսկ հունվարին լինելու է տոտալ աղքատացում, որովհետև դա է մոնոպոլ շուկայի տրամաբանությունը», - ասում է տնտեսագետ Զոյա Թադևոսյանը՝ կարծիք հայտնելով, որ արձանագրվող գնաճը պայմանավորված չէ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի նվազմամբ: - «Տնտեսվարողը մեկն է, ինքն էլ թելադրում է գինը», - ասում է տնտեսագետը:

Ինչու է թանկացել գազը՝ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը դեռևս հստակ պատասխան չունի, սակայն պնդում է՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրություն կիրականացնի, անհիմն թանկացնողներն էլ պատասխանատվության կենթարկվեն։

«Եթե լինեն երևույթներ, որոնք ուղղակիորեն կապված չեն, կամ չարաշահում են, կամ հակամրցակցային համաձայնության են գալիս, ապա նրանք արձագանքելու են՝ և ամենախիստ ձևով», - նշեց նախարարը:

Կարեն Ճշմարիտյանի մատնանշած կառույցի մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանը, սակայն, «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց՝ իրենք ուսումնասիրության ո՛չ մտադրություն ունեն, ո՛չ իրավասություն, քանի որ, ըստ Սահակյանի՝ այս դաշտում մենաշնորհներ չկան։

«Մեկը չէ, բայց հարյուրն էլ չեն»․ - հակադարձում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ պնդելով, թե հանձնաժողովն անելիք ունի՛։ Դրամի արժեզրկման ու գազի գնի բարձրացման համեմատականները տնտեսագետին հուշում են՝ գազալցակայանների տերերը կարող էին գալ ներքին համաձայնության և բարձրացնել գինը որքան ցանկանային։

«Ընդհանուր պայմանավորվածություն է եղել գազ մատակարարողների կամ գազալցակայանների սեփականատերերի միջև, և նրանք բարձրացրել են: Կապ չունի, թե իրենք գերիշխող դիրք ունեն, թե չունեն, բոլոր դեպքերում, տեղի է ունեցել միանգամից 22-23 տոկոս աճ այդ գազալցման կայաններում, իսկ իրականում արտարժույթի շուկաներում մաքսիմում գինը, որ կարող ենք ասել, որ դրամը արժեզրկվել է 11-13 տոկոս, ոչ ավելի», - նշեց տնտեսագետը:

Գազի թանկացումն անմիջականորեն կազդի նաև տրանսպորտի ինքնարժեքի վրա։ Երթուղային գծերում վառելիքի ծախսը դրված է վարորդների ուսերին։

Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը փաստում է՝ 40-50 դրամ թանկացումը հասարակական տրանսպորտի վարորդի բյուջեից կխլի օրական միջինը 3000 դրամ։ Այս հանգամանքն, ըստ Եղիազարյանի, կսրի տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը:

«Եթե պատկան մարմինները այս բարձրացման վրա չկարողանան ազդել, մենք կունենանք առանց տրանսպորտի քաղաք: Արդեն ոչ թե փոխադրող կազմակերպությունների տնօրենները, կամ ինչպես ձեր շրջանում ընդունված է ասել՝ գծատերերը, չեն աշխատի, այլ վարորդը չի աշխատի», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG