Մատչելիության հղումներ

Ուրուգվայի փոխնախագահին ընդունեց Հայաստանի նախագահը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին այսօր ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը նշել է, թե ամենաջերմ զգացումներով է հիշում իր պետական այցը եղբայրական Ուրուգվայ և հանդիպումը նախագահ Խոսե Մուխիկայի հետ, և խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել վերջինիս, իսկ նորընտիր նախագահ Տաբարե Վասկեսին՝ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Սարգսյանն ընդգծել է, որ այդ այցի ժամանակ ևս մեկ անգամ համոզվել է, թե Ուրուգվայում ինչպիսի հարգալից վերաբերմունք կա Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ և անկեղծ ցանկություն՝ բոլոր ոլորտներում միջպետական հարաբերություններն ու համագործակցությունը զարգացնելու:

Աստորին նշել է, որ իր երկրի ղեկավարության մեջ և հասարակության բոլոր շերտերում Հայաստանի նկատմամբ բարեկամական ջերմ վերաբերմունքն ամուր հիմքեր ունի:

Հայաստանի նախագահը ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել Ուրուգվայի իշխանություններին և ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում դեռևս 1965 թվականին ունեցած անգնահատելի ավանդի համար, և ընդգծել, որ այդպիսով սկիզբ դրվեց այդ ոճրագործության միջազգային ճանաչման գործընթացին: Սարգսյանի խոսքով, ընդամենը օրեր առաջ հարավամերիկյան մեկ այլ երկրի՝ Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ երբ խոսքը միևնույն արժեքների վրա հիմնված բարեկամության մասին է, ոչինչ ի զորու չէ խաթարել այն:

Նախագահը բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության հարցում Ուրուգվայի հավասարակշիռ դիրքորոշումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ - ուրուգվայական տնտեսական գործակցությունն ընդլայնելու և զարգացնելու հնարավորություններին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այսօր Դանիլո Աստորիի հետ հանդիպել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG