Մատչելիության հղումներ

Մոգերինին Թուրքիային կոչ է անում չխարխլել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ ասուլիսը Անկարայում, 8-ը դեկտեմբերի, 2014թ․
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ ասուլիսը Անկարայում, 8-ը դեկտեմբերի, 2014թ․

Եվրամիության պաշտոնյաները փորձում են Անկարային համոզել միանալ Մոսկվայի դեմ պատժամիջոցներին։

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է անում Թուրքիային՝ չխարխլել արևմտյան պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի։ Այս մասին եվրոպացի պաշտոնյան հայտարարել է Անկարա այցի ընթացքում։

Թուրքիան, հիշեցնենք, չմիացավ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին։ Եվրամիության պաշտոնյաները փորձում են Անկարային համոզել միանալ այդ պատժամիջոցներին և չօգտագործել ստեղծված իրավիճակը սեփական շահերի համար՝ մասնավորապես Ռուսաստան մթերքներ ներմուծելով։

Թուրքիան Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները սկսել է 2005 թվականին, սակայն քաղաքական հանգամանքները, մասնավորապես՝ մասնատված Կիպրոսի հարցը, ինչպես նաև Եվրամիության անդամ մի շարք երկրների ընդդիմությունը, դանդաղեցրել են առաջընթացը և բարդացրել Բրյուսելի հետ Անկարայի հարաբերությունները։

Եվրամիության ներկայացուցիչների այցը Թուրքիա տեղի է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցից մեկ շաբաթ անց։ Անկարայում Պուտինը, հիշեցնենք, հայտարարեց, թե Մոսկվան դադարեցնում է «Հարավային հոսք» գազատարի կառուցումը, և Թուրքիայի հետ պայմանավորվեց նոր այլընտրանքային գազատարի համատեղ կառուցման մասին։

«Այս այցը Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների ռազմավարական կարևորության հստակ ցուցանիշն է», - Անկարա մեկնելուց առաջ հայտարարել էր Մոգերինին։

Ինչպես և ենթադրվում էր, բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ պայքարն էր. Եվրամիության հազարավոր քաղաքացիներ ներխուժում են Սիրիայի և Իրաքի տարածք, ընդունվում արմատական խմբավորումներ, այդ թվում և «Իսլամական պետություն»։ Նրանցից շատերը Թուրքիայի տարածքով են մեկնում Սիրիա։

Եվրամիությունը Թուրքիային քննադատում է Իրաքի և Սիրիայի հետ սահմանային գծերը պատշաճ չվերահսկելու մեջ։ Ի պատասխան՝ Թուրքիան էլ Եվրոպային է մեղադրում անգործության մեջ, պնդելով, որ Եվրոպան շատ քիչ բան է անում պոտենցիալ ծայրահեղ իսլամական տրամադրությունները Եվրոպայում կանխելու համար՝ սպասելով, որ այդ ամենն իր փոխարեն կանի Թուրքիան։

Նախօրեին Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ այս հարցերը քննարկելուց հետո Ֆեդերիկա Մոգերինին ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե հուսով է, որ դրական արդյունքները տեսանելի կդառնան առաջիկա օրերին կամ շաբաթներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG