«Բուլղարացիներն ինձ արդեն զզվեցրել են»,- ըստ թուրքական մամուլի՝ երկուշաբթի օրը Անկարայում կայացած բանակցությունների ժամանակ այսպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը դադարեցնելու իր որոշումը:
Hurriyet-ի պնդմամբ՝ Պուտինի այս հայտարարությունը հնչել է թուրք-ռուսական ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի ժամանակ: Դռնփակ այս նիստին ներկա թուրք դիվանագետներից մեկը պարբերականին փոխանցել է Ռուսաստանի նախագահի հետևյալ խոսքերը՝ «բուղարացիները, վայելելով Արևմուտքի և Եվրամիության աջակցությունը, ընդդիմանում են մեզ և մարտահրավերներ են նետում»։
«Բուլղարացիները պարզապես ձգձգում են «Հարավային հոսքի» շինարարությունը»,- ասել է Պուտինը՝ հենց հանդիպման ժամանակ տեղեկացնելով, որ Մոսկվան հրաժարվում է գազային այս նախագիծը շարունակելու գաղափարից: Ի դեպ, ռուսական «Գազպրոմ» ընկերությունը «Հարավային հոսքի» շինարարության առաջին փուլի վրա արդեն իսկ 5 միլիարդ ամերիկյան դոլար էր ծախսել:
Թուրքական պատվիրակության անդամներն, ի դեպ, Hurriyet-ին փոխանցել են, որ Պուտինին ուղեկցող անձանց համար նրա այս հայտարարությունը ևս անակնկալ էր:
«Նույնիսկ Պուտինի աջ ձեռքը համարվող նրա թիմակիցները «Հարավային հոսքի» շինարարության դադարեցման մասին տեղեկացան Էրդողանի ղեկավարած թուրքական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ»,- ասել է բանակցություններին ներկա բարձրաստիճան թուրք դիվանագետներից մեկը։
Թուրքական թերթի տեղեկություններով՝ հենց տեղում «Հարավային հոսքի» շինարարության դադարեցման մասին տեղեկացնելուց անմիջապես հետո Պուտինն առաջարկել է Էրդողանին նոր խողովակաշար կառուցել դեպի Թուրքիա` Անկարային առաջարկելով Հարավային Եվրոպայում ռուսական գազի վաճառքի գլխավոր միջնորդի դեր ստանձնել: Թուրքական աղբյուրների պնդմամբ՝ Էրդողանը հենց բանակցությունների ընթացքում համաձայնել է ռուսական կողմի առաջարկին, որից հետո երկու երկրների նախագահները ենթականերին հանձնարարել են առաջիկա շաբաթներին սկսել նախագծի տեխնիկական մանրամասների ուսումնասիրությունը:
Թուրքական լրատվամիջոցները որոշ մանրամասներ են հաղորդում նաև Անկարայում բանակցությունների մեկ այլ դրվագի` Սիրիայում ստեղծված կացության շուրջ ծավալված բավական թեժ քննարկումների մասին:
«Պուտինը սիրիական խնդրի կարգավորման որոշ առաջարկներ ներկայացրեց, որոնք հնարավորություն էին տալիս Բաշար Ասադին մնալ իշխանության ղեկին»,- ասել է բանակցությանը ներկա թուրք դիվանագետներից մեկը` հատուկ ընդգծելով, որ Էրդողանը կտրականապես հրաժարվել է այդ տարբերակից:
Չնայած դրան Պուտինը շարունակել է զարգացնել այդ գաղափարը` հիշեցնելով, որ ժամանակին Մոսկվան բանակցել է նաև ընդդիմադիր Սիրիական ազգային խորհրդի ղեկավարների հետ:
«Ռուսաստանն այս պահին միակ պետությունն է, որն ի վիճակի է բանակցել թե' Ասադի վարչակազմի և թե' սիրիական ընդդիմության հետ: Եկեք համատեղ ուժերով նրանց նստեցնենք բանակցությունների սեղանի շուրջ»,- առաջարկել է Վլադիմիր Պուտինը՝ կրկին բախվելով Էրդողանի կտրուկ մերժմանը, գրում է Hurriyet-ը: