Մատչելիության հղումներ

26 տարի տնակում. Անօթևանների հույսը մեկ մեռնում, մեկ վերածնվում է


26 տարի տնակում. Անօթևանների հույսը մեկ մեռնում, մեկ վերածնվում է
please wait

No media source currently available

0:00 0:04:55 0:00

26 տարի տնակում. Անօթևանների հույսը մեկ մեռնում, մեկ վերածնվում է

26 երկարուձիգ տարիների սպասումները, որ վերջապես մի օր բախտն իրեն էլ կժպտա ու քանդված նկուղ հիշեցնող կացարանը կդառնա հիշողություն, գյումրեցի ծեր կնոջ հույսը չեն մարել։

«Մեր ցինկվի դագաղն էլ ըսիգ է, հմի ծակվել է»,- ասում Ասյա Գալոյանը։

77-ամյա Ասյա Գալոյանը սեփական աչքերով է կարդացել ընտանիքի անդամների անունը քաղաքապետարանի պատին փակցված հերթացուցակում՝ իշխանությունների վերջին խոստումը՝ թե հաջորդ տարի անպայման բնակարան կունենա։

«Աստված մեծ է, բայց մենք էլ արդեն կերթանք հավերժական դամբարան»,- ասում է կինը։

Լավատեսությունն է, որ գրեթե քառորդ դար նկուղից էլ վատ պայմաններում ապրող կնոջն օգնում է մթնեցնել օրը տուն կոչվող տնակում։ Մեր հարցը, թե ինչպե՞ս է այստեղ գոյատևում, ծեր կնոջը տարօրինակ է թվում։ Հարմարվել է առնետների հարևանությանը, խոնավությանը, տանիքից անընդհատ կաթող անձրևաջրերին՝ անհամբեր սպասում է բնակարանի իր հերթին։

Ասյա Գալոյանը Գյումրիի ավտոկայանի տնակային ավանի հնաբնակներից է։ Այստեղ մինչև աղետը գործարան էր։ Ասյան այնտեղ էր աշխատում։ Աղետը շատ ընկերների կյանքն ընդհատեց, երեք երեխաների մայրը փրկվեց հրաշքով՝ հիմա էլ, ասում է, տանջվում է երկու փոքր, անհարմար սենյակներում։ Դստեր ու թոռների հետ մի կերպ են տեղավորվում։ Միջանցքը ծառայում է որպես խոհանոց, հյուրասենյակ, Ասյայի համար էլ՝ննջասենյակ։

«Նայի ինչքան շոր եմ հագել, պեչկն էլ վառում ենք, հարմարություն չկա»,- իր կացարան է ցույց տալիս Ասյան։

Ժամանակը պատերին ճեղքեր է առաջացրել։ Տնակն էլ Ասյայի նման մաշվել է։

Կյանքի դժվարությունների հետ պայքարում չհանձնված Ասյայի ընտանիքում հույս ունեն, որ այս տնակում չեն անի թոռան հարսանիքը, հավատում են՝ նոր բնակարան ունենալու օրերը մոտենում են։

Ասյայի տնակից ընդամենը երկու քայլ է հեռու հարևանի տնակը՝ այստեղ լավատեսությունն այլևս անելիք չունի՝ անգամ հերթացուցակում 30-րդ տեղը լինելու փաստը ամուսիններին չի ուրախացնում։

«Էդ խոստումները 25 տարի էլ կան, ես ամեն խոստումի չեմ հավատում։ Բդի աչքով տեսիմ, ձեռքովս բալիքով դուռը բացեմ, մտնիմ ներս, նոր հավատամ։ Մարդ կա Մոսկվա վեց անգամ տուն ստացավ»,- ասում է Ռազմիկ Մարգարյանը. - «Ծախեց, մեքենա առավ, գնաց տարբեր քաղաքներ, տարբեր երկրներ ման էկավ, երկու հատ տուն էլ տարբեր տեղեր ունի, որովհետև շունը տիրոջը չէր ճանաչում»։

62-ամյա Ռազմիկն արդեն հոգնել է քննադատելուց, արդարության համար պայքարելուց՝ հիմա միայն առողջության համար է մտահոգվում՝ տնակային պայմաններից անկողին է ընկել։

«Սիրտս է, բրոնխներս է, հենց էս պայմանները սպես էրավ ընձի»,- ասում է նա։

Կյանքի կեսը անտուն անցկացրած Ռազմիկ Մարգարյանի ընտանիքի ներկան, ինչպես և աղետից անօթևան դարձած բախտակիցներինը, ամենօրյա պայքարն է անրձևաջրերի, ցրտի, առնետների ու տարատեսակ դժվարությունների դեմ։

Ռազմիկ Մարգարյանի ու նրա հարևան Ասյա Գալոյանի ընտանիքները ներառված են բնակարանի գնման վկայագրերի ծրագրում։ Ավելի քան 400 ընտանիք հաջորդ տարի կառավարության կողմից գումար կստանա տուն գնելու համար։ Մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների, ևս 1100 ընտանիք կա Գյումրիում, որ հերթի մեջ սպասում է բնակարանի։

Չնայած իշխանությունների հայտարարած աղետի գոտու զարգացման ծրագրի ավարտին՝ առայժմ պարզ չէ այս ընտանիքների ճակատագիրը։ Անորոշ է նաև շուրջ 3000 ընտանիքի ճակատագիրը. նրանց մի մասը ստացել է բնակարան, բայց ժամանակի ընթացքում ընտանիքը մեծացել է, հատկացված բնակարանում ապրելը դարձել է անհնար, ընտանիքի մյուս մասը ստիպված է եղել շարունակել ապրել տնակներում։ Ոմանք էլ տնակներում են հայտնվել հանգամանքների բերումով։

Անօթևանների այս խնդրին է անդրադառնում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, թե կառավարությունը նոր ծրագրեր է մշակում, որոնց մասին առայժմ չի կարող խոսել.- «Այս տնակային տնտեսություններում այնպես չէ, որ բոլորը բնակարանի կարիք ունեցող մարդիկ են։ Կա նաև այլ խնդիր։ Երկրաշարժից առաջ մարդը ունեցել է 3 կամ 4 տղա։ Երբ 1988 թվականին այդ մարդու տունը ավերվել է, տան տերը տերը ստացել է պետության կողմից նախատեսված մեկ բնակարան։ Բնակարանը ստանալուց հետո 3 տղաները դարձել են ընտանիքի մեծ, շատերն արդեն թոռներ ունեն։ Հիմա էդ երեք եղբորից մեկը ստացել է, մյուսները չեն ստացել, էն երկուսը մնացել են տնակում»,- բացատրում է մարզպետը։

Անօթևանների խնդիրներով զբաղվող «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը, մինչդեռ, շեշտում է՝ անօթևանների թիվը պակաս կլիներ, եթե ժամանակին այդ գործընթացն անցներ առանց կոռուպցիայի։

«Եթե նախկինում արդարություն լիներ բնակարանների բաշխման գործընթացում, հիմա համեմատաբար քիչ կլինեին անօթևանները»,- ասում է Թումասյանը։

Աղետի գոտին դեռ կա, բայց իշխանություններին թվում է, թե այլևս այն անցյալում է, ասում է Թումասյանը։ Վկան Ասյա Գալոյանի նմաններն են։

«Հրաշք է, որ բդի ստանամ, նոր մեռնիմ, գոնե 1-2 տարի ապրիմ մեջը»,- ասում է 77-ամյա կինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG