Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանը:
ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ քննարկվել են Ղարաբաղում զբոսաշրջության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել էկոտուրիզմի զարգացման հեռանկարներին, որի համատեքստում ներկայացվել է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում էկոգյուղի ստեղծման ծրագիրը:
«Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին` Արցախում զբոսաշրջության զարգացմանը, այս գործում արտասահմանյան առաջատար մասնագետների ներգրավմանը և ժամանակակից փորձի կիրառմանը նպաստելու համար»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։