Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը բանտից նամակ է գրել, որում հայտարարել է, որ ճնշումների է ենթարկվել առանց բացատրության իր խուց ներխուժած մի խումբ երիտասարդների կողմից։
Նամակում, որը ուղարկվել է իրավապաշտպանի դստերը՝ միջնորդի միջոցով, Յունուսը գրում է, որ այդ տղամարդիկ իր խուց են մտել նոյեմբերի 25-ին և սեռական բռնություն ցույց տվող ժեստեր են արել։
Յունուսը ասում է, որ հաջորդ օրը բանտի պաշտոնյաները հանդիմանել են իրեն բժշկական անձնակազմին վիրավորելու համար։
Հուլիսից կալանքի տակ գտնվող 58-ամյա Յունուսին ծանր մեղադրանքներ են առաջադրվել՝ պետական դավաճանության և հայերի օգտին լրտեսություն կատարելու հատկանիշներով։ Նույն մեղադրանքներով կալանավորվել է նաև իրավապաշտպանի ամուսինը՝ Արիֆ Յունուսը։
Իրավապաշտպանի փաստաբանը հայտնել է, որ Յունուսի առողջական վիճակը հետզհետե վատանում է։