Այսօր ժամը 11-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ըստ նույն աղբյուրի՝ Վայոց Ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքում , Սարավան և Քյարքի գյուղերում նկատվում է մառախուղ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Եղվարդ քաղաքներում ձյուն է տեղում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: