Բոլիվիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և այն ժխտող քաղաքականությունը: Ըստ արգենտինական պարբերականի՝ Բոլիվիայի օրենսդիր մարմինն այդ վերաբերմունքն արտահայտել է անցյալ շաբաթ:
Բոլիվիայի Սենատի ղեկավար Սոնիա Գուարդիա Մելգարը հաստատել է, որ բանաձևն ընդունել են Սենատում և խորհրդարանի Ստորին պալատում՝ «արտաքին գործերի նախարարի հաստատմամբ»:
«Մենք մեր աջակցությունը, համերաշխությունն ու բարեկամությունն ենք հայտնում հայ և քուրդ ժողովուրդներին, քանի որ մեր պետության Սահմանադրությունը, որը օրենքների օրենքն է, ոչ է ասում խտրականությանը, մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգություններին և ցեղասպանություններին», - «Պրենսա Արմենիա» պարբերականին ասել է Բոլիվիայի օրենսդիր մարմնի ղեկավարը:
Բանաձևի տեքստում նշված է, մասնավորապես, որ Բոլիվիայի Օրենսդիր ժողովը աջակցում է հայ ժողովրդին իր պայքարում՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, ճշմարտության և արդարության վերականգնման, «հայտարարում է իր վճռական հանձնառությունը մարդու իրավունքների և արդարության պաշտպանության ուղղությամբ և դատապարտում հայ ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանության և կրած տառապանքների ժխտման քաղաքականությունը»:
Այս հայտարարության ընդունման համար ջանքեր է գործադրել ազգությամբ քուրդ գործիչ Մեհմեթ Ալի Դողանը, ով վերջերս էր այցելել Հարավային Ամերիկա թուրք առաջադեմ մտավորական Ռագըփ Զարաքոլուի հետ:
Բոլիվիայում հայեր չեն բնակվում:
Առավել մանրամասն տե՛ս այստեղ: