Քրեական գործ է հարուցվել «Նախախորհրդարան»-ի անդամ Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենայի անվադողի հրկիզման դեպքի առթիվ:
Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երեկ ահազանգ է ստացվել, որ նույն օրը ժամը 4-ից մինչև 4:30-ն ընկած ժամանակահատվածում, «առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակչուհի Սուսաննա Մելքոնյանին պատկանող «CHERY TIGGO» մակնիշի ավտոմեքենայի անվադողը և հետևի վահանը` Մելքոնյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս»:
Փաստի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով»: Սուսաննա Մելքոնյանը ճանաչվել է որպես տուժող:
Նշանակվել են դատաապրանքագիտական, դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժնին` ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ վերջին երկու օրվա ընթացքում երևանյան տարբեր բակերում և փողոցներում այրվել է ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների վեց մեքենա, հրկիզման յոթերորդ փորձը չի հաջողվել:
Տվյալ թեմայով առավել մանրամասն՝ քիչ անց: