Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, փակ է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած գյուղում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում առկա է մերկասառույց, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Տրանսպորտի և կապի նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ ժամը 9:40–ի դրությամբ Երևան - Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի տարածաշրջանի Լանջիկի հատվածում, Գյումրիից դեպի Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ տանող ճանապարհահատվածներում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է, Ստեփանավանի, Դիլիջանի, Տավուշի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի
ավտոճանապարհներին, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Տրանսպորտի և կապի նախարարության փոխանցմամբ՝ անցած գիշեր ժամը 1-2-ի սահմաններում Գյումրի - Աշոցք միջպետական ավտոճանապարհի (Մ1, Երևան - Գյումրի - Բավրա - Վրաստանի սահման) Քեթիի լեռնանցքի 139-140-րդ կիլոմետրեր հատվածում ծանրաքաշ վեց ավտոմեքենաների մաշված անվադողերի պատճառով տեղի էր ունեցել խցանում: «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության աշխատակիցների շնորհիվ երթևեկությունը տվյալ հատվածում կարճ ժամանակում վերականգնվել է:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG