«Դատապարտյալների հիվանդանոցում» հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը պահելու, հաշվառելու, բաց թողնելու կանոնների խախտման դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։
ՀՔԾ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի գլխավոր դատախազության համապատասխան վարչություն կողմից «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ անձինք, որոնց վրա դրված է եղել հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման, բաց թողնման և հաշվառման պարտականությունը, թույլ են տվել խախտումներ. հայտնաբերվել է հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պակասորդ և ոչ հոգեմետ դեղորայքի ավելցուկ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: