ԱՄՆ-ի Միսսուրի նահանգում անկարգություններով ուղեկցվող զանգվածային ցույցերը շարունակվում են, նահանգի իշխանությունները նոր զորքեր են հրավիրել Ֆերգյուսոն ավանի տարածք։ Նահանգապետ Ջեյ Նիքսոնը հայտարարել է, որ Ազգային գվարդիայի 2 հազար 200 ջոկատայիններ են ժամանել՝ օգնելու տեղի ոստիկաններին։
Հիշեցնենք՝ զանգվածային անկարգությունների մասնակիցների վրդովմունքը հարուցել է երկուշաբթի օրը երդվյալ ատենակալների դատարանի կայացրած վճիռը՝ սպանության մեղադրանք չառաջադրել սպիտակամորթ ոստիկան Դարրեն Ուիլսոնին, ով այս տարվա օգոստոսին գնդակահարել է փողոցում իրեն չենթարկվող 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունին։
Երեկ երիտասարդ ոստիկան Ուիլսոնն իր առաջին հարցազրույցն է տվել ու ասել, որ ցավում է տեղի ունեցածի համար, բայց համարում է, որ ինքն իր գործն է կատարել։