Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազին


Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան

Հայաստանի գլխավոր դատախազի որոշմամբ մեղադրանք է առաջադրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Ա. Ղուկասյանին:

«Ա. Ղուկասյանը, մշտապես լինելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, զբաղեցնելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնը, քրեական գործով նախաքննության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել իր պարտականությունը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել քրեական դատավարությանը մասնակցող անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին», - տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին:

Որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին` Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված կարգով Ղուկասյանին մեղադրանք առաջադրելու համար:

Գլխավոր դատախազի հրամանով Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի լիազորությունները կասեցվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG