Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերի հիման վրա այսօր հարուցվել է քրեական գործ՝ «Ղ. Տելեկոմ» ընկերության վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանի կողմից շուրջ 751 միլիոն դրամի (1.76 միլիոն դոլար) հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
«Քննության տվյալներով` Ա. Կույումջյանի կողմից 2010-2014 թվականների ընթացքում յուրացման եղանակով հափշտակվել է իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 751.000.016 դրամ ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտ», - ասված է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում։
Նկարագրված հանցագործությունը կատարելու կասկածանքով Աշոտ Կույումջյանը երկուշաբթի օրը ձերբակալվել է:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով», որով սահմանված է չորսից մինչև ութ տարվա ազատազրկում, նախաքննությունը շարունակվում է: