Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային:

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հայաստանյան այցի ընթացքում Կունիո Միկուրիան կկարողանա արձանագրել և գնահատել վերջին հինգ տարիների ընթացքում այս բնագավառում Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ ՀՀ կողմից իրականացված բարեփոխումների արդյունավետությունն ու ձեռքբերումները:

«Կունիո Միկուրիան գոհունակությամբ է արձանագրել, որ Մաքսային գործի բոլոր ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումների առումով Հայաստանում մեծածավալ աշխատանք է իրականացվել, և առաջընթացն ակնհայտ է: Նա ընդգծել է հատկապես մաքսային ընթացակարգերում ժամանակակից բարձր տեխնոլոգիաների կիրառման, սահմանային անցակետերի արդիականացման, մարդկային ռեսուրսների կառավարման, օրենսդրության կատարելագործման և այլ ուղղություններով հաջողությամբ ընթացող աշխատանքները, որոնց արդյունքները, Կունիո Միկուրայի հավաստմամբ, զգալի են, և իր ներկայացրած հաշվետվության մեջ դրանք բարձր են գնահատվել»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը ՀՀ Նախագահի հետ քննարկել է նաև ՀՀ մաքսային ծառայության ոլորտի մարտահրավերներն ու բարեփոխումներին ուղղված հետագա ծրագրերը՝ այդ համատեքստում կարևորելով մաքսավոր-գործարար համագործակցությունը, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ շարունակական ջանքերը, որոնք, նրա համոզմամբ, ավելի մրցունակ կդարձնեն Հայաստանի տնտեսությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG