Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում հաղթած արևմտամետ հինգ կուսակցությունները` «Պետրո Պորոշենկոյի դաշինքը», Ժողովրդական ճակատը, «Սամոպոմոշչը» (Ինքնօգնություն), Արմատական կուսակցությունը, «Բատկիվշչինան» (Հայրենիք) այսօր խորհրդարանում համաձայնության են եկել կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ։
Ենթադրվում է, որ կոալիցիոն համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 27-ին։ Գործող վարչապետ Արսենի Յացենյուկի փոխանցմամբ, կոալիցիային կողմ են 450-տեղանոց խորհրդարանի մոտ 300 անդամները։
Ապագա կառավարության երկու առաջնահերթություններն են Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին և ռուսների կողմից բռնակցված Ղրիմի վերադարձը Կիևի հսկողության տակ։
Բացի այդ, կոալիցիան մտադիր է «շարունակել Եվրամիության հետ ինտեգրման գործընթացը, պաշտպանել Ղրիմի թաթարների և գրավված տարածքներում ապրող Ուկրաինայի քաղաքացիների օրինական շահերը»։
Մինչդեռ, այսօր Ուկրաինան նշում է Մայդանի հեղափոխության առաջին տարին։ Դիմելով անցյալ տարի այս օրերին սպանված ակտիվիստների ազգականներին, նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է, որ այսօր միասնություն է անհրաժեշտ։
«Թշնամին մեր տան մոտ է, ես որոշում եմ ընդունել` այսօր ստորագրում եմ հրամանագիր, որով «երկնային հարյուրյակին» Ուկրաիանի հերոսներ ենք հռչակում»,- հայտարարել է նախագահը։ Ժողովուրդն արձագանքել է` «Փա՜ռք Ուկրաինային»։
«Երկնային հարյուրյակ» հասկացությունը ծնվեց, երբ Մայդանի բախումներում զոհվեցին Ուկրաինայի եվրոպական ընտրությունը պաշտպանող առաջին հարյուր ակտիվիստները։ Ուկրաինացիների համար նրանք դարձան հրեշտակներ, ովքեր հիմա էլ պաշտպանում են երկրի անկախությունը վտանգավոր և ագրեսիվ հարևանից։
Այսօր Եվրոմայդանի հեղափոխության առաջին տարեդարձի առիթվ Կիև է ժամանել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը։
«Պարզապես անընդունելի են 21-րդ դարում Եվրոպայում կամ որևէ այլ տեղ սահմաններն ուժով փոխելու փորձերը, բանակ մտցնելը միայն այն պատճառով, որ մեկին դուր չեն գալիս հարևանի կայացրած որոշումները»,- ասել է Բայդենը և հավաստիացրել, որ «Ամերիկան չի ճանաչում և երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի կողմից»։