Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը Ֆրանսիայի կառավարությանն իր դժգոհությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի Ասկերան և Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքների միջև Բարեկամության հռչակագրի ստորագրման կապակցությամբ, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Ըստ լրատվամիջոցի՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր «ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սակայն այդ երկրի որոշ շրջանակներ, գտնվելով հայկական սփյուռքի ազդեցության տակ, փորձում են վնասել այդ հարաբերությունները»։
Հիշեցնենք՝ Ասկերան և Բուկ Բել Էր քաղաքների միջև հռչակագիրը ստորագրվել է նոյեմբերի 19-ին. փաստաթուղթը, ինչպես փոխանցել է ԼՂ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ողջունում է ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն և զարգացնելուն ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը։