ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինայի արևելքում կողմերի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրից հետո՝ սեպտեմբերի 5-ից մինչև հիմա յուրաքանչյուր օր միջին հաշվով 13 մարդ է զոհվում:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Զեյիդ Ռաադ ալ-Հուսեյինը այսօր ասել է, որ ապրիլից ի վեր Ուկրաինայի արևելքում 4317 մարդ է զոհվել, 9921-ը՝ վիրավորվել են:
957 մարդ սպանվել է հրադադարի համաձայնագիրը ստորագրելուց հետո՝ սեպտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում: Գնալով աճում է փախստականների, ներքին տեղահանվածների քանակը: Սեպտեմբերի կեսերի տվյալներով՝ իրենց տները լքել են 275 հազար 489 մարդ, իսկ նոյեմբերի տվյալներով՝ արդեն 466 հազար 829 մարդ:
Այս տվյալները այսօր հրապարակել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը։
Վիեննայում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության կենտրոնակայանում կայացած նիստում նշվել է, որ Ուկրաինայի արևելքում խաղաղության հեռանկարը շատ աղոտ է, բայց Մինսկում ստորագրված հրադադարի պայմանագիրն այլընտրանք չունի:
Շփման եռակողմ խմբի անդամ, ԵԱՀԿ բանագնաց, շվեյցարացի դիվանագետ Հեյդի Թալիավինին ասել է՝ չնայած թերություններին ու լրացումների անհրաժեշտությանը, Մինսկի փաստաթուղթը խաղաղության ճանապարհի դուռ է արևելյան Ուկրաինայում:
Շփման եռակողմ խմբում նրանից բացի ընդգրկված են Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները:
ԵԱՀԿ ներկայացուցիչն ասել է, թե անընդունելի են հրադադարի պայմանգիրը տապալվելու մասին մեկնաբանություններն ու կարծիքները։ «Այո, հրադադարը շատ անգամներ է խախտվել, բայց սա միակ փաստաթուղթն է, որը ուժ կիրառելը արգելելու լիազորություն ունի»,- նշել է Հեյդի Թալիավինին:
Մեջբերելով Ուկրաինայի արևելքում ռուսական ուժեր ու սպառազինություններ մտնելու՝ ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ դիտորդների և լրագրողների հաղորդումները, շվեյցարացի դիվանագետը նշել է, որ ապագա լարվածությունը կարող է ազդեցություն թողնել ոչ միայն տարածաշրջանի վրա, այլև դրա սահմաններից դուրս:
Նա նշել է, որ իրավիճակը չի բարելավվել նաև նոյեմբերի 15-16-ը Ավստրալիայում տեղի ունեցած «Մեծ քսանի» գագաթնաժողովից հետո, որտեղ արևմտյան առաջնորդները Ուկրաինայի հարցով ճնշում գործադրեցին Ռուսաստանի նախագահ Պուտինի վրա:
Ռուսաստանը հերքում է Ուկրաինա ներխուժելու մեղադրանքները և կոչ է անում, որ Կիևը բանակցությունների նստի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը իրենց վերահսկողության տակ պահող ռուսամետ անջատականների հետ։ Այդ շրջաններում նոյեմբերի 2-ին ընտրություններ անցկացվեցին, որը Ուկրաինան, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը անօրինական են համարում:
Ուկրաինայի վարչապետը մերժել է ռուսամետ անջատականների հետ բանակցությունների նստելու՝ Մոսկվայի առաջարկը։ Արսենի Յացենյուկը ասել է, թե Մոսկվայի վարձկանների հետ բանակցություններ չեն վարի։
Միացյալ Նահանգներում սկսել են մտածել Ուկրաինային զենք տրամադրելու մասին: Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի տեղակալ Թոնի Բլիկենը ասել է, թե Մոսկվան լրջորեն խախտել է սեպտեմբերի 5-ի Մինսկի համաձայնագիրը: Նա ասել է, որ Ուկրաինային զենք տրամադրելը Մոսկվային կհարկադրի երկու անգամ մտածել մինչև քայլեր կատարելը:
Մոսկվան իսկույն արձագանքել է այս հայտարարությանը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը այսօր ասել է, որ Ուկրաինային զենք տրամադրելը լրջորեն կապակայունացնի տարածաշրջանը: