«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավար Ալեքսանդր Պլյուշևին աշխատանքից ազատելու հրամանը չեղյալ է համարվել, տեղեկացրել է ռադիոկայանի սեփականատեր «Գազպրոմ մեդիա» ընկերության մամուլի ծառայությունը:
Աշխատանքից ազատման փոխարեն հաղորդավարը կհեռացվի եթերից մինչև 2015 թվականի հունվարի 14-ը: Այդ որոշումը կայացվել է «Գազպրոմ մեդիա»-ի տնօրենների խորհրդի նախագահ Միխայիլ Լեսինի, ընկերության իրավաբանների և ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի չորս ժամ տևած հանդիպման արդյունքում:
Պլյուշևի շուրջ սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ վերջինս նոյեմբերի 5-ին Թվիթերում Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի որդու մահվանը վերաբերող գրառում է կատարել: Հաջորդ օրը նա ազատվել էր աշխատանքից, ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, սակայն, այս որոշումը անօրինական էր համարել և խոստացել, որ Պլյուշևը կշարունակի իր աշխատանքը: