Մատչելիության հղումներ

Եռյակը մտադիր է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով արտահերթ նիստ հրավիրել


Եռյակը մտադիր է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով արտահերթ նիստ հրավիրել
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00

Ոչ իշխանական եռյակը մտադիր է արտահերթ նիստ հրավիրել առաջադրված 12 պահանջներից միայն մեկի՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ։

Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ այդ նիստն ու հանրապետականների քվեարկությունը ցույց կտա՝ որքանով է անկեղծ Սերժ Սարգսյանի՝ ընդդիմախոսների հետ քննարկումների գնալու կոչը։

«Ազատության» կիրակնօրյա վերուծականի հետ զրույցում Լևոն Զուրաբյանը նշեց, թե այս քայլով փորձում են նաև հասկանալ՝ ինչ արժեք ունի նախագահի խոսքը հենց իրենց՝ հանրապետականների համար։

«Եթե դուք ձեր խոսքի տերն եք կամ ինչ-որ արժեք եք տալիս ձեր խոսքերին, ուրեմն հանրապետական մեծամասնությունը պետք է գա այդ քննարկմանը և բավարարի... հենց եռյակի բավարարման մասին էլ խոսում է Սերժ Սարգսյանը իր հայտարարության մեջ, պիտի գա և բավարարի այդ պահանջը»,- ասաց Զուրաբյանը։

«Երկու տարբերակ ունի Սերժ Սարգսյանը»,- շարունակեց Զուրաբյանը.- «Մեկը հերթական անգամ մեծամասնության կողմից բոյկոտի միջոցով մերժել մեր առաջարկը, երկրորդ տարբերակը այն է, որ ինքը վերջապես ընդունում է։ Նման դեպքում ենք բանակցություն չենք տանում, մենք մեր քայլն ենք անում, ինքն իր քայլն է անում»։

Անցած շաբաթ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությանը հանձնարարել է ևս մեկ անգամ անդրադառնալ ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 կետանոց պահանջներին։

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ 12 կետերը քննարկելու պատրաստակամությունը ուշացած է, ստեղծված իրավիճակում իշխանությունների հետ պետք է բանակցել միայն նոր ընտրություններ անցկացնելու շուրջ։

«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Ստեփան Մարգարյանի խոսքով, չնայած նախագահի հայտարարությանը, առայժմ իշխանություններից որևէ արձագանք չի եղել 12 պահանջները քննարկելու շուրջ։ Եթե անգամ հանդիպման առաջարկ լինի, անհասկանալի է՝ ինչ է նշանակում բանակցել, եթե կարելի է կետերից մի քանիսը ընդամենը մեկ օրում իրականացնել, ասում է ԲՀԿ-ական պատգամավորը։

«Իշխանությունները պարզապես ադեկվատ չպահեցին իրենց այս կետերի նկատմամբ այն ժամանակ։ Իրենց պահվածքը իսկապես հասարակական տրամադրություններին ադեկվատ չէր։ Եվ բնականաբար, ցանկացած հարց, նույնիսկ ամենաանմեղ սոցիալական հարցը, երբ լուծում չի գտնում իշխանությունների կողմից, գնալով այն քաղաքականում է»,- ասաց Մարգարյանը։

Մարգարյանի խոսքով, այլևս քաղաքական դարձած այս պահանջները նաև օրակարգ են թելադրում՝ եթե գործող իշխանությունները դրանք չկատարեն, կիրականացնեն նոր իշխանությունները։

Ի դեպ, «Ազատությանը» տված հարցազրույցում Լևոն Զուրաբյանը նաև նշեց, որ հնարավոր է՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ձևավորվի բոլոր քաղաքական ուժերից կազմված ժամանակավոր կառավարություն, որը հիմնականում կմշակի ժամանակացույց՝ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների համար։

«Այդ հարցերը բանակցելու խնդիր են, որովհետև դա իսկապես պետք է բոլոր քաղաքական ուժերի միջև համաձայնության արդյունք լինի, և այդ ժամանակացույցը պետք է այդ բանակցությունների արդյունք։ Սա եթե իշխանությունները հասկանում են, որ պետք է բանակցել, պետք է գնալ նման լուծումների։ Եթե չեն հասկանում, կներեք, այնտեղ արդեն միայն մնում է շուրջօրյա հանրահավաքներով, քաղաքացիական անհնազանդության այլ գործողություններով իշխանությանը պարտադրել»,- ասաց Զուրաբյանը։

Եռյակում դեռ տարաձայնություններ կան

Պայքարի նոր տարբերակներ մշակելով՝ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները միաժամանակ չեն թաքցնում, որ եռյակում դեռ տարաձայնություններ կան։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ հիմա իշխանությունները «նոկդաունի» մեջ են, և պետք է ակտիվ քայլերի դիմել, հանրահավաքներ անցկացնել։

Մինչդեռ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանի խոսքով՝ նախ պետք է կառուցվածքային խնդիրները լուծել, հետո արդեն հանրահավաքներ անցկացնել Երևանում և մարզերում։ Սա անհաղթահարելի հակասություն չէ, վստահեցնում են եռյակում, սակայն նոր հանրահավաքի օր դեռ չեն նշում։

XS
SM
MD
LG