Մատչելիության հղումներ

Մովսես Հակոբյան․ Մի-24 ուղղաթիռի անձնակազմը ոչինչ չէր կարող անել


Մովսես Հակոբյան, արխիվ
Մովսես Հակոբյան, արխիվ

ԼՂ ՊԲ հրամանատարի խոսքով՝ ադրբեջանական կողմը տեղեկացված էր, որ զորավարժություն է անցկացվում, որի մեջ ընդգրկվելու էին օդային ուժերը և կարող էր խուսափել նման միջադեպից:

Ադրբեջանական հրթիռի արձակումից հետո այլևս հնարավոր չէր խուսափել խոցումից, և Մի-24 ուղղաթիռի անձնակազմը ոչինչ չէր կարող անել, «Ազատության» հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

«Որովհետև ինքը ինքնակառավարվող հրթիռ է, և ինքնակառավարվող հրթիռին որևէ խնդիր չի կարող խաթարել, առանձնապես, որ ուղղաթիռը եղել է շատ ցածր բարձրության վրա, և շատ մոտիկ տեղից են կրակել։ Ինչ վերաբերում է՝ խուսափել նման միջադեպից, իհարկե կարող էին խուսափել, որովհետև մենք հայտարարել էինք Ադրբեջանին և համայն աշխարհին, որ մենք անց ենք կացնում զորավարժություն, որի մեջ նաև ընդգրկվելու են մեր օդային ուժերը», - ասաց Մովսես Հակոբյանը։

Նա պնդում է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի «Միասին-2014» համատեղ զորավարժությունները որևէ կապ չունեն ամռան ամիսներին սահմանում գրանցված լարվածության հետ. - «Այս պլանը հաստատվել է 2013 թվականի նոյեմբերի 15-ին՝ ուղիղ մեկ տարի առաջ, և մենք առաջնորդվում ենք մեր պլանի համաձայն, և որևէ փոփոխություն չի կատարվել»։

Պաշտպանության բանակի հրամանատարն ասաց, որ նախնական տվյալներով՝ ուղղաթիռը խոցվել է ռուսական արտադրության զենքով։

«Մեր դիտարկումը և Ադրբեջանի տված տվյալները խոսում են այն մասին, որ խոցվել է «Ստրելա» տեսակի զենիթահրթիռային կայանից։ Դա ռուսական ինքնակառավարվող հրթիռներ են», - ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ որևէ պայմանագիր չկա, որ Ռուսաստանը չպիտի զենք վաճառի որևէ երկրի. - «Սահմանափակում չկա, որ ինքը պետք է հաշվետու լինի Հայաստանի Հանրապետությանը՝ ում պիտի զենք վաճառի»։

«Իհարկե ցավալի է, մենք դաշնակից երկրներ ենք, մենք ռազմավարական դաշնակից ենք, և կարծում եմ, որ Ռուսաստանը իր տնտեսական շահերը հետապնդելու ժամանակ պետք է հաշվի առնի նաև մեր շահերը, ինչը չի իրականանում», - ասաց Մովսես Հակոբյանը։

Նախարարը հստակեցրեց, որ խոցվելուց հետո ուղղաթիռն ընկել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի միջդիրքային տարածքում:

«150 մետր հեռու է հակառակորդի դիրքից և 350 մետր՝ մեր դիրքից, ինչը ընկնում է կրակային խոցման տակ։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ իրավիճակը առաջնագծում ավելի մոտ է պատերազմին, քան խաղաղությանը, և ցանկացած շարժ այնտեղ խոցվում է հակառակորդի կողմից։ Այդ տարածքը մտնելը որոշակի վտանգավորություն է ներկայացնում, առանձնապես, որ հակառակորդը գիտի, որ մենք հենց կոնկրետ այդ քառակուսի մետրը մտնելու ենք, և այն իրենց անմիջական հսկողության տակ է։ Ելնելով դրանից՝ մենք որոշումները դեռևս քննարկում ենք, և դրանք հրապարակման ենթակա չեն», - ընդգծեց ՊԲ հրամանատարը։

Պաշտպանության բանակը, բնականաբար, չի հրապարակում նաև, թե ինչ պատասխան գործողություններ են սպասվում հակառակորդին. - «Որևէ սադրանք անպատասխան չի մնալու, թե ինչ գործողություններ, դա բանակի խնդիրն է, ինքը իր խնդիրը կկատարի»։

Թեև հստակ է, որ ուղղաթիռը խոցել է ադրբեջանական զինուժը, այդուհանդերձ, ղարաբաղյան կողմը իրավական ընթացք է տվել միջադեպին. - «Հարուցված է քրեական գործ, անց է կացվում ծառայողական քննություն, որոնց արդյունքում այդ բոլոր գործողությունները կիրականացվեն»։

Չնայած խաղաղությանն ուղղված միջնորդների կոչերին, համանախագահների նախաձեռնությամբ երկու երկրների նախագահների հանդիպումներին, ադրբեջանական կողմը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարը:

Հարցին, թե ինչպես է գնահատում այդ փաստը, Ղարաբաղի բանակի հրամանատարն արձագանքեց. - «Ադրբեջանը Արցախը, Հայաստանը դիտում է որպես թշնամի երկիր, բայց այն, որ մենք այստեղ խնդիր ունենք կատարելու և այն իրականացնում ենք, դա պարզ է և ակնհայտ, որովհետև բանակը ստեղծված է ժողովրդի անվտանգությունը ապահովելու, նաև մեր արտաքին քաղաքականությունը ապահովելու համար, և բանակը այդ խնդիրը կատարում է»։

Պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրը կատարելու է այնքան ժամանակ, քանի դեռ բանակցային գործընթացով չի լուծվել ղարաբաղյան հիմնահարցը, վստահեցնում է զինվորականը:

Պատերազմի վերսկսման հնարավորության մասին հարցին Մովսես Հակոբյանը հետևյալ կերպ է պատասխանում. - «Ես ամեն օր և ամեն ժամ և իմ զինվորը, զորքը պատրաստվում է պատերազմի, և ինքը այլ ձևով մտածելու իրավունք չունի»։

Այս հարցազրույցը հեռարձակվել է «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ընթացքում: Այն կարող եք դիտել հաղորդման տեսագրված տարբերակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG