Մատչելիության հղումներ

Հայկական կողմը պնդում է, որ ուղղաթիռը գտնվել է Ղարաբաղի տարածքում


Հայկական կողմը պնդում է, որ ուղղաթիռը գտնվել է Ղարաբաղի տարածքում
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարը, ինչպես նաև Հայաստանի պաշտպանության նախարարը այսօր պնդեցին, որ ադրբեջանական կողմից խոցված ԼՂ ռազմաօդային ուժերին պատկանող «Մի-24» ուղղաթիռը շփման գիծը չի հատել:

Այսօր Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ղարաբաղի զինված ուժերի համատեղ՝ «Միասին-2014» զորավարժության ընթացքում պատասխանելով «Ազատության» հարցին՝ հնարավո՞ր էր արդյոք խուսափել հակառակորդի կողմից ուղղաթիռի խոցումից, ԼՂ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, մասնավորապես, ասաց․ - «Կարծում եմ՝ ամեն ինչ հնարավոր էր, սակայն պետք է հաշվի առնել, թե ով է մեր հակառակորդը: Հակառակորդը պահը օգտագործել է, և մեր ուղղաթիռները, լինելով սահմանին մոտ բնագծում, իրականացրել է խոցում: Իհարկե, եթե հակառակորդը ունենար տրամաբանություն և պատասխանատվություն այդպիսի գործողություններ չէր իրականացնի: Բայց այն, որ ուղղաթիռներն իրականացրել են թռիչք մեր տարածքներում և մասնակցում էին ընդհանուր օպերատիվ մարտավարական զորավարժությանը՝ դա այդպես է եղել»:

Նա նաև նշեց, որ անցած երկու օրերի ընթացքում այն հատվածում, որտեղ խոցվել է ԼՂ օդուժին պատկանող ուղղաթիռը, կրակային ակտիվությունը բավական բարձր է և հակառակորդը թույլ չի տալիս ղարաբաղյան կողմին մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:

«Թե ինչ գործողություններ ենք իրականացնելու՝ դա բանակի խնդիրն է», - այսպես եզրափակեց իր խոսքը Պաշտպանության բանակի հրամանատարը:

«Մեր հարևանները ցույց տվեցին իրենց դեմքը»

«Զորավարժությունների անցկացման մասին նախապես հայտարարվել էր, և ինչպես միշտ՝ մեր հարևանները ցույց տվեցին իրենց դեմքը՝ կոպտորեն խախտելով բոլոր նորմերը և խոցելով ուղղաթիռը», - լրագրողների հետ զրույցում ասաց զորավարժությունների ընթացքին հետևող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: - «Այդ լկտի գործողություններին համարժեք պատասխան, մի քիչ էլ ավելի անհամաչափ, անկասկած, տրվելու է», - հավելեց նա:

Նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է օգոստոսյան բախումների կրկնությունը, լարվածության սրումը:

«Հուլիս-օգոստոսյան դեպքերը այն գագաթնակետն էին, որ տեղի ունեցավ լարվածության անունով: Դրանից հետո հանդարտություն տեղի ունեցավ, բայց այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ այդ լարվածությունը միշտ էլ եղել է: Վստահել մի կողմի, որը բացառում է վստահության ամրապնդման միջոցառումներ, չի կարելի: Եվ նաև այս դեպքն էլ ցույց տվեց, որ անկասկած վստահության ամրապնդման ուղղությամբ բացառման մթնոլորտի արդյունքն է: Դա նշանակում է, որ մենք պետք է միշտ պատրաստ լինենք նման լարվածության դեպքում կատարել այն խնդիրները, որ դրված են հայկական կողմի առջև՝ և՛ պաշտպանվել, անհրաժեշտության դեպքում և՛ կանխարգելել, և՛ պետք եղած դեպքում նաև պատժել, պարտադրել այդ խաղաղ պայմանները», - պատասխանեց նախարարը:

Սեյրան Օհանյանին հարցրեցինք, թե որքանով էին համարժեք միջազգային կառույցների գնահատականները ուղղաթիռի խոցման հետ կապված:

«Կարելի էր մի քիչ ավելի խիստ լինել: Խիստ գնահատականները կլինեն այն ժամանակ, երբ որ վերջնականապես պարզվի իրողության ելքը: Ի վերջո ուղղաթիռի անձնակազմը չի խախտել [սահմանը], մեր տարածքում են եղել», - ասաց նա:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում ընթանում են «Միասին-2014» զորավարժությունները, որոնք իրականացնում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը: Այդ զորավարժություններին հետևում են նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահներն ու զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG