Մատչելիության հղումներ

Մայր Աթոռում աշխատանքներն է սկսել Եպիսկոպոսաց ժողովը


Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Ամենայն Հայոց և Կիլիկիո կաթողիկոսությունների արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսների օրակարգում, մասնավորապես, Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողակարգն է:

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի, սկսվել է Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ եռօրյա ժողովին Ամենայն Հայոց կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության 76 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից մասնակցում են 58-ը:

Մինչ բացման արարողությունը Հայ եկեղեցու եպիսկոպոսաց դասը Մայր Տաճարում մասնակցել է Գիշերային ժամերգության:

Ժողովն սկսվել է միասնական Տերունական աղոթքով, որից հետո բացման և ողջույնի խոսքով է հանդես եկել նախորդ Եպիսկոպոսաց ժողովի դիվանի համաատենապետ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Այնուհետև ներկաներին իրենց հայրապետական պատգամն են բերել Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները:

«Եպիսկոպոսաց այս ժողովի օրակարգում մենք անդրադառնալու ենք Ցեղասպանության զոհերի սրբադասման հռչակման արարողակարգին և ծիսական կանոնակարգին, Սուրբ Մկրտության խորհրդի բարեկարգյալ ծիսակարգին, որոնց շրջագծում դեռևս կան վճռման կարոտ մի շարք հարցեր: Ուրախալի է, որ օրակարգում է նաև Կոմիտաս Վարդապետի սրբադասման գործընթացի ձեռնարկումը», - ասել է, մասնավորապես, Գարեգին երկրորդը՝ շարունակելով․ - «Ցեղասպանության զոհերի սրբադասումով նաև պիտի շարունակվի դարեր ի վեր մեր Եկեղեցում դադարած սրբադասման գործընթացը, իսկ Մկրտության կանոնի վավերացմամբ՝ ծիսաարարողական միօրինակությունը եկեղեցական մեր անդաստանում»:

«Հայ Եկեղեցին, ինչպես դարեր շարունակ, այսօր էլ ջանք ու նպաստ է բերում մեր Հայրենիքի զորացման, Սփյուռքի կենսունակության,մեր ժողովրդի խաղաղ կյանքի ու բարօր կեցության համար: Աննվազ նախանձախնդրությամբ պիտի շարունակենք միջազգային հարթակներում անլռելի պահել մեր Սուրբ Եկեղեցու կոչը՝ հանուն Հայոց Ցեղասպանության համընդհանուր դատապարտման, Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքի ճանաչման, այլև՝ Սիրիայում, Իրաքում, ողջ Մերձավոր Արևելքում խաղաղության վերահաստատման, կրոնական հալածանքների դադարեցման, քրիստոնեական համայնքների իրավունքների պաշտպանության», - հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Հաճախ խոսքերիս մեջ ես հիշել եմ և կրկնելու ձևով շեշտել, թե մենք հարյուրամյակի առիթով պարզապես անցյալի տխուր դեպքերի հիշատակությունը պիտի չկատարենք, այլ խոսքով` միայն պիտի չհիշենք, այլ հիշելուց անդին աշխարհին պիտի հիշեցնենք, որ տակավին իրավազրկված մի ժողովուրդ կա, և այդ ժողովուրդը պահանջատեր է այսօր, իր իրավունքներն է պահանջում. մենք չենք կարող լռել, երբ Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան, մեր ազգապատկան և եկեղեցապատկան կալվածքները տակավին մնում են բռնագրավված», - իր հերթին, հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը:

«Մենք` որպես Եկեղեցի, և որպես ժողովուրդ, չենք կարող անտարբեր և լուռ մնալ այս կացության դիմաց. այսօր մենք պահանջատեր ենք, երբ ասում ենք մենք պահանջատեր ենք` Եկեղեցի և ազգ, մեկ ամբողջություն, Եկեղեցի, ազգ, Հայրենիք մեկ ամբողջություն են: Հետևաբար, այդ մեկ ամբողջության ծիրում, ահավասիկ, մենք պիտի նշենք հարյուրամյակը և այդ հարյուրամեակի ծիրում, ինչպես քիչ առաջ Գարեգին Վեհափառ Հայրապետը հիշեց, սրբադասումը մեր նահատակների կարևոր դեպք է: Մենք կանգնած ենք պատմության դիմաց` որպես մեկ Եկեղեցի, Վեհափառ Հայրապետներով, եպիսկոպոսաց դասով պիտի ասենք` մեր նահատակները` մեկուկես միլիոն նահատակները, սուրբ են. նրանք արդեն իսկ սրբացված են մեր ժողովրդի կյանքում», - շեշտել է Արամ առաջինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG