Մատչելիության հղումներ

Փարաջանովի կերպարվեստի նմուշները կեղծվում են


«Վերջին տարիներին մեծ քանակությամբ կեղծ աշխատանքներ են պտտվում` Լոնդոնի աճուրդից սկսած: Մոսկվայում հատկապես շատ կան այդպիսի աշխատանքներ», - «Ազատության» հետ զրուցում ասաց Սարգսյանը:

Նա պատմեց, որ իր մեծ ճիգերի ու անգամ ԶԼՄ-ներին դիմելու սպառնալիքի շնորհիվ է միայն Փարաջանովի կեղծված աշխատանքը հանվել Լոնդոնի աճուրդից. - «Որովհետև իրենց էլ է ձեռնտու այդ գործը վաճառել: Շատ դեպքերում իրենք, կարծում եմ, շատ լավ էլ հասկանում են, որ դա կեղծ է: Բայց դա ինդուստրիա է»:

Սարգսյանն ասաց, որ բոլորովին վերջերս Կիևում ցուցադրված մի աշխատանք են ստացել, որ, ինչպես պարզվել է, կեղծ է:

«Մոսկվայում շատ կա», - շարունակեց նա: - «Վաթսուն գործով ցուցահանդես արեցին, և լրիվ վաթսունմեկ կեղծ աշխատանք ցուցադրվեց… Մանեժում է դա եղել: Մի քանի տարի առաջ էր: Ես ինքս դիմեցի, իրենք ինձ անգամ չպատասխանեցին: Հետո ես խնդրեցի, որ նախարարը մեր` Հասմիկը Պողոսյան, նամակ գրի ռուսաստանցի կոլեգային և ասի` խնդրում ենք, ուշադիր եղեք: Ես կարող եմ ասել. դա մեր հայրենակիցն է… Այդ տղան անազնիվ, ավազակի մեկն է` Բաբլոյան Արամ անունով: Կիևից էլ ինձ զանգեցին, Թիֆլիսից էլ, որովհետև ամեն տեղ, ուր նա երևում էր, մարդիկ ինձ էին զանգում, թե սա ո՞վ է: Ես էլ ասում էի, որ սա ավազակի մեկն է` կոպիտ ասած»:

Զավեն Սարգսյանը պատմեց նաև Փարաջանովի 90-ամյակի կապակցությամբ այս տարի արտասահմանյան մի շարք քաղաքներում`այդ թվում Նյու Յորքում, կազմակերպված հոբելյանական ցուցահանդեսների մասին: Դրանք եզրափակվել են սեպտեմբերում Բաթումիում կազմակերպված ցուցահանդեսով:

Բոլոր ցուցահանդեսներն ուղեկցվել են կինոյի մեծ վարպետի ֆիլմերի ցուցադրությամբ:

Սարգսյանն առանձին խոսեց Արցախում կազմակերպված ցուցահանդեսի մասին. - «Շուշիում շատ լավ պատկերասրահ կա, որ ուղղակի ինձ զարմացրեց, որովհետև այդպիսի պատկերասրահ երևի Երևանում այսօր չկա: Մոսկվացի մի բարերար է դա կառուցել: Ցուցահանդեսը մոտ մեկ ամսից ավելի գնաց այդտեղ: Բացման օրն էլ ցուցադրվեց «Սայաթ-Նովա» ֆիլմը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG