Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները նոյեմբերի 5-ին այցելել են հուլիսին Քարվաճառի տարածք ներթափանցած և Լեռնային Ղարաբաղի իրավապահների կողմից ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
Ինչպես APA լրատվական գործակալությանը փոխանցել է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, թվով արդեն վեցերորդ այցելության ժամանակ երկու ադրբեջանցիներին տեղեկատվություն է փոխանցվել նրանց ընտանիքների մասին և նրանցից էլ տեղեկատվություն է վերցվել ընտանիքներին հասցնելու համար:
Հուսեյնովան նշել է, որ Կարմիր Խաչը կշարունակի հանդիպումները ձերբակալվածների հետ՝ համաձայն իր մանդատի: Կազմակերպության ներկայացուցիչը շեշտել է, որ Կարմիր Խաչը չի մեկնաբանում ձերբակալվածների նկատմամբ դատավարությունը և դրան չի մասնակցում:
Հիշեցնենք՝ ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ դատավարությունը Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է հոկտեմբերի 27-ին: Նրանց մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու համար։