Այսօր երեկոյան «Վրացական երազանք» դաշինքի քաղաքական խորհրդի` Թբիլիսիում կայացած նիստն ավարտվեց կոալիցիոն կուսակցություններից մեկի` արդեն նախկին պաշտպանության նախարար Իրակի Ալասանիայի ղեկավարած «Ազատ դեմոկրատների» ընդդիմության շարքերը համալրելու հայտարարությամբ:
Ինքը՝ Ալասանիան, նույնպես մասնակցում էր ընդամենը մի քանի րոպե տևած այս նիստին, որը սակայն, ըստ վրացական լրատվամիջոցների, անցել է բավական լարված մթնոլորտում: Լարվածության պատճառ այդ նիստին նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ներկայությունն էր:
«Վրացական երազանքի» հիմնադիրը պետական որևէ պաշտոն այսօր չի զբաղեցնում և բազմիցս հայտարարել էր, թե քաղաքականությամբ այլևս չի զբաղվելու:
«Մենք այստեղ էինք եկել ոչ թե Բիձինա Իվանիշվիլիի հետ խոսելու, այլ մեր կոալիցիոն գործընկերների հետ քննարկումներ անցկացնելու համար: Ես ցանկանում էի իրական բանավեճ ծավալել հասկանալու համար, թե ինչու իրադարձությունները զարգացան նման ուղով, ինչն էր, որ ի վերջո հանգեցրեց ստեղծված կացությանը: Ցավոք, քննարկումներ չեղան: Ամեն դեպքում մենք կարողացանք քաղաքակիրթ ձևով հրաժեշտ տալ միմյանց»,- հայտարարեց Իրակլի Ալասանիան:
Այսպիսով «Վրացական երազանք» դաշինքը կորցրեց խորհրդարանում ունեցած բացարձակ մեծամասնությունը: «Ազատ դեմոկրատները» 10 պատգամավոր ունի։ Նրանց՝ ընդդիմություն անցումից հետո իշխող կոալիցիան 150 հոգանոց խորհրդարանում 73 մանդատ կունենա: