Մատչելիության հղումներ

Թուրքիայից երես թեքած Իրանն ու Հորդանանը ջերմորեն ընդունեցին չորս հայ ղեկավարներին


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Վերջին ամսվա ընթացքում հայերն ընդլայնեցին իրենց պատմական կապերն արաբական և մահմեդական աշխարհի հետ՝ Հայաստանի նախագահի և Երուսաղեմի Հայոց պատրիարքի միաժամանակյա այցերով Հորդանանի թագավորություն, և Հայաստանի վարչապետի ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի այցերով Իրանի Իսլամական Հանրապետություն:

Թեև նման արտերկրյա այցերը սովորական բնույթ են կրում, սակայն շիա Իրանի և սուննի Հորդանանի կողմից չորս հայ ղեկավարների նկատմամբ ցուցաբերած բացառիկ ջերմ ընդունելությունը արտացոլում է այս իսլամական երկրների սերտ հարաբերությունները քրիստոնյա հայ ժողովրդի հետ և դժգոհությունը՝ կապված Թուրքիայի կառավարության վարած արմատական իսլամիստական քաղաքականության հետ:

Ընդամենը մի քանի տարի առաջ բազմաթիվ արաբներ և մահմեդականներ ողջունում էին Թուրքիայի վարչապետ, այժմ նախագահ Ռեջեփ Էրդողանին, որպես նորօրյա սուլթանի, որը պաշտպանում էր իրենց ազգային և կրոնական ձգտումները: 2010 թվականին Հորդանանը, Լիբանանը, Սիրիան և Թուրքիան որոշել էին ստեղծել ազատ առևտրի գոտի՝ իրենց տնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար: Սակայն շատ չանցած, նեցուկ կանգնելով «Մահմեդական եղբայրներ»-ի և ջիհադականների արյունարբու սպանդներին ընդդեմ քրդերի, եզդիների, շիաների, ալավիների և քրիստոնյա փոքրամասնությունների, Էրդողանի մենատիրական և անխոհեմ վարքագիծը վանեց Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր պետություններին: Սիրիայի հետ սիրո բերկրանքն արագորեն վերածվեց բացահայտ թշնամանքի, իսկ Եգիպտոսի, Իրանի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, և հատկապես Իսրայելի հետ Անկարայի հարաբերությունները դարձան հակոտնյա:

Հավանաբար, Թուրքիայի հետ այս տարածաշրջանային լարվածությունը կարևոր դեր խաղաց չորս հայ անձնավորությունների ոգևորիչ ընդունելության մեջ Իրանի և Հորդանանի ամենաբարձրաստիճան պաշտոնատարների կողմից, որտեղ նրանք ջերմ և արդյունավետ քննարկումներ ունեցան իրենց փոխադարձ շահերի ու մտահոգությունների վերաբերյալ: Ահա նրանց այցելությունների գլխավոր պահերը.

- Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի, վարչապետ Աբդալլահ Անսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավափդեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Տարաունայի հետ: Այցելության ընթացքում Երևանի և Ամմանի քաղաքապետերը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր ստորագրեցին: Երկու պետությունների ղեկավարները որոշեցին ստեղծել միջխորհրդարանական բարեկամության խմբեր և ընդլայնել իրենց համագործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության և առողջապահության բնագավառներում:

Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց Հորդանանի ղեկավարությանը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ հայ փախստականներին ապաստան տալու և ներկայումս Հորդանանի հայ համայնքի կարիքներին հատուկ ուշադրություն դարձնելու համար:

Հայաստանի նախագահն իր շնորհակալությունը հայտնեց Հուսեյն Իբն Ալի ալ Հաշիմիի՝ 1917 թվականի ուղերձի համար, որում նա հորդորել էր հավատացյալ մահմեդականներին աջակցել ցեղասպանության հայ գաղթականներին.- «Պաշտպանե՛ք նրանց այնպես, ինչպես կպաշտպանեիք ձեր անձը, ձեր ունեցվածքը և ձեր երեխաներին»:

Նախագահ Սարգսյանը նաև հարգանքի տուրք մատուցեց հանգուցյալ Հուսեյն թագավորի հիշատակին, ով 1988 թվականի աղետալի երկրաշարժից անմիջապես հետո խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնություն էր ուղարկել Հայաստան:

Այնուհետև նախագահը ներկա գտնվեց Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից Սուրբ Կարապետ եկեղեցու օծման պատմական արարողությանը՝ Հորդանան գետի ափին, որտեղ մկրտվել էր Հիսուս Քրիստոսը: Սրբազան վայրում եկեղեցու հողը մեծահոգաբար նվիրաբերել էր Հորդանանի կառավարությունը: Հետաքրքիր է, որ մինչ Թուրքիան օգնում և դրդում է ջիհադական ահաբեկիչներին ոչնչացնելու Հայոց ցեղասպանության եկեղեցի-հուշահամալիրը Դեյր Էզ Զորում, Հորդանանի Կառավարությունը օժանդակում է Հորդանան գետի ափին Հայոց եկեղեցու կառուցմանը...

- Իրան կատարած իր կարճատև այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նախագահ Հասան Ռոհանիի հետ և մի շարք պայմանագրեր ստորագրեց էներգետիկայի, գյուղատնտեսության և մշակույթի վերաբերյալ: Պարոն Աբրահամյանը նախագահ Ռոհանիին փոխանցեց Հայաստանի նախագահի հրավերը` ներկա գտնվելու 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Վարչապետը, կաբինետի յոթ նախարարների ուղեկցությամբ, նաև հանդիպումներ ունեցավ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի, արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի և Սպահանի նահանգապետ Ռասուլ Զարգարփուրիի հետ. վերջինս բարձր գնահատեց հայ համայնքի դերը Սպահանի զարգացման գործում:

- Արամ կաթողիկոսը հանդիպեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին, ով բարձր գնահատեց իրանահայ համայնքի դերը. - «Իրանը միշտ մեծ հարգանքով է վերաբերվել հայ համայնքին, իսկ Իրանի մահմեդականների և հայ քրիստոնյաների միջև հարաբերությունները միշտ դրական զարգացում են ունեցել»:

Նրանք նաև քննարկեցին տարածաշրջանում թուրքական կառավարության բացասական դերը:

Արամ կաթողիկոսը նաև հանդիպեց Սպահանի նահանգապետի և Միջմշակութային և միջկրոնական երկխոսության իսլամական կազմակերպության առաջնորդների հետ: Իրանի նախագահի էթնիկ և կրոնական հարցերով հատուկ օգնական Ալի Յունեսին, նախագահ Ռոհանիի անունից ընթրիք տվեց՝ ի պատիվ Արամ կաթողիկոսի:

Ելույթ ունենալով Նոր Ջուղայի համաժողովում՝ Թուրքիայից Հայոց ցեղասպանության պահանջատիրության վերաբերյալ, Կաթողիկոսը հայտարարեց. - «Անկախ հանգամանքներից և անցած տարիներից, մենք շարունակելու ենք արդարություն պահանջել մեր նահատակների համար»:

Չորս հայ ղեկավարների զուգադիպած այցերը Իրան և Հորդանան ամրապնդում են խիստ դրական կապերը երկու մահմեդական երկրների և Հայաստանի ու հայ ժողովրդի միջև, և ընդգծում Թուրքիայի հավելյալ մեկուսացումը Մերձավոր Արևելքում:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG