Մատչելիության հղումներ

Նախագահը ավարտեց այցը Հորդանան


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Պաշտոնական այցով Հորդանանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր:

Նախագահը շրջայց է կատարել քրիստոնեական այդ սրբավայրում, այնուհետ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում. - «Մաղտասում՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում, հոգևորը գերակայում է, մարդն այստեղ դառնում է համամարդկայինի մի մասնիկը՝ գիտակցելով հավերժության անխուսափելիությունը։ Մկրտության խորհուրդն իր մեջ կրում է նորը, հանդուրժողը և վերածնվող բարին։ Կարծում եմ՝ սա այն վայրն է, որը կարող է փոխել մարդու աշխարհընկալումը։ Երախտապարտ եմ, որ Հորդանանը հոգատարությամբ է վերաբերվում նմանատիպ համաշխարհային սրբավայրին՝ դրանով հաստատելով քաղաքակրթությունների երկխոսության իր պատրաստակամությունը։ Շնորհակալություն Հորդանանի իշխանություններին և ժողովրդին այս սրբավայր այցելելու հնարավորություն ընձեռելու համար»:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը Երուսաղեմի Հայոց պատրիարքի, Հորդանանի հոգևոր առաջնորդի և Հորդանանի հոգևոր առաջնորդության ու ազգային տեղական խորհրդի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի ներկայացուցիչների և իր գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ այցելել է նաև հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի:

Ավարտելով պաշտոնական այցը Հորդանան՝ Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG