Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Բակո Սահակյանին, տեղեկացնում է ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Համաձայն «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի օրենքի՝ գլխավոր դատախազի լիազորությունները նույն օրը դադարեցվում են։
Վերջին շրջանում մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախկին զինվորական, տարբեր տարիների մի շարք ուժային կառույցներում ղեկավար պաշտոններ զբաղեցրած Ղարամյանը Լեռնային Ղարաբաղի հաջորդ նախագահի հավանական թեկնածուներից մեկն է։ Մամուլը գրում էր նաև, որ Ղարամյանը կարճ ժամանակով նշանակվելու է Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության ղեկավար։