Այսօր ՈւԵՖԱ-ի վերահսկողական, էթիկայի և կարգապահական մարմնի որոշմամբ Սերբիա - Ալբանիա խաղում Ալբանիայի ֆուտբոլի հավաքականին 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել:
Հիշեցնենք՝ Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա - Ալբանիա խաղը հոկտեմբերի 14-ին անավարտ էր մնացել մարզադաշտում սկսված անկարգությունների պատճառով, երբ անօդաչու թռչող սարքը Ալբանիայի դրոշը պտտեցրել էր խաղադաշտի վրայով:
ՈւԵՖԱ-ի հաղորդմամբ՝ Սերբիայի հավաքականն էլ իր հերթին կզրկվի երեք միավորից, բացի այդ՝ իր հարկի տակ առաջիկա երկու խաղերը կանցկացնի առանց հանդիսականների:
Հավաքականներից յուրաքանչյուրը կտուգանվի 100 հազար եվրոյով:
Սերբիայի և Ալբանիայի հավաքականները Հայաստանի հետ ընդգրկված են Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի նույն՝ I խմբում: Չնայած այս պարտությանը՝ Ալբանիայի հավաքականը կշարունակի 4 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին երկու տեղերը կիսել Դանիայի հետ, իսկ Սերբիայի հավաքականը 3 միավոր կորցնելուց հետո կեզրափակի այն՝ -2 միավորով: Արդյունքում, Հայաստանի հավաքականը 1 միավորով վերջին՝ 5-րդ հորիզոնականից մեկ տողով կբարձրանա: