Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հերթական աշխատանքային շրջայցն է կատարել 2-րդ բանակային զորամիավորման մի շարք զորամասեր:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախարարը հանդիպել է զորամասերի անձնակազմերի հետ, հետաքրքրվել զինծառայողների առօրյայով, սոցիալ-կենցաղային պայմաններով:
Ռազմական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է զորամասերի բարեկարգմանն ուղղված լայնածավալ շինարարական աշխատանքներին, մասնակցել է զորամասերից մեկի նոր բուժկետի բացման արարողությանը:
«Ընդհանուր առմամբ, այցի նպատակը զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանի բարձրացմանը միտված համալիր միջոցառումների շրջանակում զինծառայողների ծառայողական պարտականությունների կատարմանը, զորամասերում իրականացված շինարարական աշխատանքներին անմիջականորեն ծանոթանալը, ինչպես նաև ներկա մարտահրավերների պայմաններում սպաներին և զինվորներին ևս մեկ անգամ զինված ուժերում ընթացող բարեփոխումները, վերջին ժամանակահատվածում հայկական զինուժի կողմից հակառակորդին տրված արժանի հակահարվածներն ու հայոց բանակի առջև ծառացած խնդիրները ներկայացնելն էր», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Աշխատանքային այցի շրջանակում որպես զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ` բանակային զորամիավորման զրահատանկային զորամասերից մեկին հանդիսավոր կերպով հանձնվել է մարտական դրոշ:
Հիշեցնենք անցած կիրակի օրը Սեյրան Օհանյանը անակնկալ այց էր կատարել սահմանամերձ զորամաս: