Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ «Ադրբեջանը պատրաստ չէ կարգավորմանը»


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի վերջին Փարիզում նախատեսված հանդիպման նախապատրաստական աշխատանքների շուրջ քննարկումներն են շարունակվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Փարիզում նախագահների հանդիպմանն ընդառաջ բազմապատկվել են հրադադարի ռեժիմի խախտումները ադրբեջանական զինուժի կողմից, ինչը դարձել է Բաքվի սովորական գործելաոճը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպումներից առաջ։

Երեկ երեկոյան Երևանում կայացած հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանը, ձևացնելով, թե իբր պատրաստ է սկսել խաղաղության պայմանագրի մշակումը, մի կողմից փորձում է հիմնախնդրի շուրջ քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, մյուս կողմից` ձախողել միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանն ուղղված վերջին տարիների բանակցային գործընթացը, որի շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ գագաթնաժողովներ, ընդունվել են ամենաբարձր մակարդակով հայտարարություններ, կայացել են բազմաթիվ հանդիպումներ: Նախարարը շեշտել է, թե իրականում իր ապակառուցողական քայլերով Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը։

Նալբանդյանը նաև համանախագահների և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել առ այն, որ նույն նպատակով ադրբեջանական կողմը, ցանկալին իրականության տեղ մատուցելով, մտացածին հայտարարություններ է անում, թե իբր համանախագահների կողմից առաջարկվել է փորձագետների մակարդակով բանակցություններ սկսել կարգավորման՝ Բաքվի համար նախընտրելի տարրերի շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ վերոհիշյալը փաստում է, որ Փարիզում կայանալիք հանդիպումից առաջ Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս իր անլուրջ մոտեցումը:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG