Գազայի հատվածի՝ պատերազմի պատճառով ոչնչացած ենթակառուցվածքները վերականգնելու համար անհրաժեշտ է 5.4 միլիարդ դոլար, որը կհատկացնեն դոնոր երկրները։
Նորվեգիայի արտգործնախարար Բերգե Բրենդեն Կահիրեում անցկացված Գազայի վերաբերյալ միջազգային համաժողովից հետո հայտարարել է, որ խոստացված գումարը գերազանցում է Գազայի իշխանությունների խնդրած 4 միլիարդը։ Ամենամեծ նվիրատվությունն արել է Քաթարը՝ տրամադրելով 1 միլիարդ դոլար, Եվրամիությունը հատկացրել է 450 միլիոն եվրո (մոտ 568 միլիոն դոլար), իսկ ԱՄՆ-ը՝ 212 միլիոն դոլար։
Այս ամառ իսրայելական ուժերի՝ Գազայի հատված ներխուժումից հետո, մոտավոր հաշվարկներով, քանդվել են 100 հազար պաղեստինցիների տներ։ Նրանց օգնելու անհրաժեշտության մասին օրերս խոսել է նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին։