Մատչելիության հղումներ

ՀՅԴ․ «Թուրքիան ծրագրել է գրավել Հյուսիսային Սիրիան»


Թուրքական բանակի տանկերը Սիրիայի հետ սահմանին, 8-ը հոկտեմբերի, 2014թ․
Թուրքական բանակի տանկերը Սիրիայի հետ սահմանին, 8-ը հոկտեմբերի, 2014թ․

ՀՅ Դաշնակցությունը պնդում է, որ Թուրքիան ծրագրել է գրավել Հյուսիսային Սիրիան:

«Անկախ սիրիական տագնապի ամբողջ տևողության Թուրքիայի որդեգրած դերակատարությունից, վերջին շաբաթներին Թուրքիայի պահվածքը Սիրիայի հյուսիսային շրջաններում իրադարձությունների, հատկապես՝ Հայոց ցեղասպանությունից վերապրածների կողմից հիմնադրված Արաբունար (քրդերեն՝ Քոբանի, արաբերեն՝ Այն ալ Արաբ) քաղաքի վրա «Իսլամական պետության» հարձակումներին ի տես, վկայում են այն մասին, որ Թուրքիան հստակ ծրագիր է հետապնդում «Իսլամական պետության» միջոցով գրավել հյուսիսային Սիրիան», - ասված է կուսակցության երեկ տարածած հայտարարությունում:

Ըստ Դաշնակցության, այդ է վկայում «Թուրքիայի որոշումը՝ այս պահին և այս դեպքում փակել Սիրիայի հետ իր սահմանի այս հատվածը՝ թույլ չտալու, որ Թուրքիայի ճանապարհով օժանդակություն հասնի Քոբանիի քրդական դիմադրությանը»: «Այս դեպքում Թուրքիայով ճանապարհը միակն է, իսկ Թուրքիան փակում է այդ ճանապարհը, երբ երեք տարի շարունակ թույլ է տվել, որ աշխարհի տարբեր երկրներից զինյալներ հատեն Թուրքիա - Սիրիա սահմանը՝ դեպի Սիրիա, ներառյալ՝ Քեսապ», - ասված է հայտարարությունում:

«Թուրքիան իր այս կեցվածքը բացատրում է Սիրիայի գործող վարչակարգի տապալումը նպատակ հայտարարելով. իրականում, սակայն, նպատակն է Քոբանիի անկումից հետո հարձակումները շարունակել դեպի Քամիշլի և այլուր՝ մարդկային բոլոր զոհերով հանդերձ։ Փաստորեն աջակցելով «Իսլամական պետության» այս գործողություններին, Թուրքիան նպատակ է հետապնդում իր ազդեցության տակ առնել նրան և այդ միջոցով հակակշիռ ունենալ տարածաշրջանի իրադարձությունների վրա», - պնդում է հայկական կուսակցությունը:

Դաշնակցությունը «իր զորակցությունն է հայտնում փաստորեն թուրքական այս ագրեսիային դիմադրող բոլոր ուժերին», պահանջում է միջազգային համայնքից՝ «բոլոր միջոցներով առաջն առնել այս ագրեսիայի, ապահովել խաղաղ ազգաբնակչության անվտանգությունը ամբողջ շրջանում», պահանջում է Թուրքիայի դաշնակից պետություններից «սանձել Թուրքիայի կողմից հովանավորված ագրեսիան՝ զսպելով Թուրքիայի ծավալապաշտ քաղաքականությունը»:

«Քոբանիում արդեն տեղի ունեցած և հետագա բոլոր ողբերգությունների, մարդկության դեմ ոճիրների գլխավոր պատասխանատուն համարում ենք Թուրքիային», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG