Աշխատանքային այցելությամբ Փարիզ ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ բանակցությունների օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառուցողական ներգրավվածությունը, կարևորել է նրանց միասնական ջանքերը` միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Նալբանդյանն ու Ֆաբիուսը անդրադարձել են հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։ Այս համատեքստում Էդվարդը Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքը` ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը:
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչին մեծապես նպաստում են պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները։
Զրուցակիցները քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ։