Մատչելիության հղումներ

Հայաստանում բացվել է «Կալաշնիկով» կոնցեռնի ներկայացուցչությունը


Հոկտեմբերի 3-ին «Ասպար արմս» ընկերության կենտրոնական գրասենյակում, որը նաև Ռուսաստանի Դաշնության «Կալաշնիկով» կոնցեռնի տարածաշրջանային սպասարկման կենտրոնն է, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում կոնցեռնի ներկայացուցչության բացման արարողությունը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «Ռոսօբոռոնէքսպորտի» և «Կալաշնիկով» կոնցեռնի լիազոր ներկայացուցիչներ:

Պաշտոնատար անձինք կարևորել են սպառազինության և ռազմական տեխնիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Այդ համագործակցությունն արժևորել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՀՀ և ՌԴ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը: Կարծում եմ, որ ստորագրված բոլոր համաձայնագրերը մեծ կարևորություն են տալիս մեր հարաբերություններին, հատկապես ռազմատեխնիկական բնագավառում, և համատեղ ձեռնարկությունների ու նման կոնցեռնների ստեղծումը հիմք է հանդիսանում մեր հարաբերությունների խորացման համար: Կարծում եմ, որ այս ամենը կծառայի տարածաշրջանային անվտանգության և բոլոր այն խնդիրների լուծմանը, որ մենք իրականացնում ենք միասին»,-իր խոսքում նշել է Սեյրան Օհանյանը:

Արարողության ընթացքում ներկայացվել են «Կալաշնիկով» կոնցեռնի արտադրանմուշները` դիպուկահարների համար նախատեսված, հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից օգտագործվող հրաձգային զենքի տեսակներ, ատրճանակներ և այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG