Հոկտեմբերի 4-ին Մատենադարանին հարակից տարածքից կգործարկվի մայրաքաղաքի առայժմ ամենաերկար հեծանվուղին:
«Երթուղին կձգվի Մատենադարանից մինչև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան», - այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
Հեծանվով երթևեկելը անվտանգ դարձնելու համար առանձին հատվածներում լուսացույցները հարմարեցվել են հեծանվորդների անցուդարձին։
Երթուղին սկսվում է Մաշտոցի պողոտայի Մատենադարանին հարակից տարածքից, այնուհետ անցնում Մաշտոցի, Սայաթ-Նովայի պողոտաներով, Տերյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով, Հանրապետության հրապարակով, Վազգեն Սարգսյան փողոցով մինչև Երևանի քաղաքապետարան, Գրիգոր Լուսավորչի, Խորենացու փողոցներով ձգվում «Տաշիր» առևտրի կենտրոն, այնուհետ Տիգրան Մեծի պողոտայով երկաթգծի կայարան և Արցախի ու Էրեբունու փողոցներով հասնում մինչև «Էրեբունի» թանգարան: