Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, կդառնա միության լիիրավ անդամ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը այսօր Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ:
Կրոտովի խոսքով՝ իր և Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևի Երևան այցի նպատակն է քննարկել խորհրդարանական խմբակցությունների մակարդակով համագործակցելու կոնկրետ ձեւաչափն ու ուղիները:
Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Շարմազանովն ընդգծել է հայ - ռուսական դարավոր բարեկամությունը և ասել, որ երկու երկրների միջև քաղաքական և ռազմավարական կապերը կայուն զարգացման փուլում են:
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը դրական է գնահատել Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իշխանություններին՝ դեռևս 90-ականներին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենք ընդունելու համար:
Էդուարդ Շարմազանովը և Օլեգ Լեբեդևը կարևորել են Հայաստանի Հանրապետական և «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև համագործակցության ամրապնդումն ու հետագա խորացումը: