«Մենք ականատեսն ենք լինում անխնա հարձակումների Ռուսաստանից մինչև Չինաստան և Վենեսուելա, որտեղ այլախոհությունը համարվում է պետական դավաճանություն: Այնպիսի երկրներում, ինչպիսին Ադրբեջանն է, օրենքն աննախադեպ բարդացնում է ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Քլինթոնի համաշխարհային նախաձեռնության ամենամյա նստաշրջանին:
Օբամայի ելույթը, որի տեսագրությունը տեղադրված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում, նվիրված է եղել քաղաքացիական հասարակության զարգացմանը:
ԱՄՆ-ի նախագահն իր խոսքում ընդգծել է՝ ավտորիտար երկրներում ընդդիմադիր հայացքներով անձինք ենթարկվում են նպատակային ճնշումների:
Օբաման կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված առաջնորդներին՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վրա հարձակումները գնահատելով որպես բռնություն ժողովրդավարության գաղափարի նկատմամբ: