Մատչելիության հղումներ

Մեկնարկել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի երրորդ փուլը


Հայաստանի պաշտպանության նախարարություն
Հայաստանի պաշտպանության նախարարություն

Պաշտպանության նախարարությունում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են գործընթացում ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները` նախարարների տեղակալների մակարդակով, ինչպես նաև Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստի ընթացքում ամփոփվել են վերանայման գործընթացի երկրորդ փուլի արդյունքները և համաձայնեցվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական պլանավորման նկատառումները:

«Նորարարական լուծումների կյանքի կոչումը թույլ կտա փոքր ուժերով մեծ խնդիրների կատարմանն ունակ ստորաբաժանումների միջոցով վարել տարատեղված և ապակենտրոնացված գործողություններ։ Նախարարության համար վճռական մոտեցումների ևս մեկ կարևոր ուղղություն է լինելու զինվորական էթիկայի նորմերի, կառավարման մշակույթի զարգացումը և բարեվարքության ամրապնդումը», - ասված է հաղորդագրությունում։

Նիստի ավարտին հայտարարվել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի երրորդ փուլի մեկնարկը, որի ընթացքում մշակվելու և սահմանվելու են պաշտպանության գործում շահառու մարմինների դերերն ու առաջադրանքները և Զինված ուժերի խնդիրները:

Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015 թվականի ավարտը և նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020 թվականը հեռանկարային զարգացման երաշխավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG